AM
22 Օգոստոս 2015 - 09:05 AMT

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են բանակցել

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) հայտարարել է, որ բարձր մակարդակով բանակցելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեուլի հետ` կանխելու համար հնարավոր զինված բախումը: Ընդ որում հայտարարության մեջ օգտագործված է հարավկորեական պետության պաշտոնական անվանումը` Կորեայի Հանրապետություն: Սովորաբար պաշտոնական մամուլն այն անվանում է կամ Հարավային Կորեա, կամ «խամաճիկներ»:

Բանակցությունների մասին կարճ հաղորդագրություն է տարածել Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունենալու տեղական ժամանակով 18:00-ին Հարավի և Հյուսիսի միջև ապառազմականացված գոտում:

Մինչդեռ, չնայած բանակցելու մասին պայմանավորվածությանը, Հարավային Կորեան չի դադարեցնում քարոզչության հեռարձակումը ԿԺԴՀ դեմ ապառազմականացված գոտում և չի նվազեցնում մարտունակության մակարդակը, հայտնել է «Ռենհափ» գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հարավկորեական կողմը, բանակցություններին կմասնակցեն նախագահի անվտանգության գծով քարտուղար Կիմ Գվան Չժինը և ազգային միավորման նախարար Հոն Յոն Պխեն: ԿԺԴՀ կողմից մասնակցում է Կորեայի ժողովրդական բանակի Գլխավոր քաղվարչության ղեկավար Խվան Բյոն Սոն և Կորեայի Աշխատավորական կուսակցության ԿԿ միավորման հարցերոի բաժնի պետ Կիմ Յան Գոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Երկխոսության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայի կողմից ներկայացված 48-ժամյա վերջնագրի ավարտից մի քանի ժամ առաջ: ԿԺԴՀ-ն պահանջում է ապամոնտաժել սահմանամերձ ապառազմականացված գոտում գործող բարձրախոսները, որոնց միջոցով Կորեայի Հանրապետությունը քարոզչություն է վարում ԿԺԴՀ դեմ:

Օգոստոսի 20-ին Հյուսիսային Կորեայի զորքերը հրետակոծել են Հարավային Կորեայի ԶՈւ դիրքերը, հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը: Ի պատասխան Հարավային Կորեայի զինվորականները կրակոցներ են արձակել հարևան երկրի ուղղությամբ: Միջադեպից հետո Սեուլը բարձր պատրաստականության է բերել զորքերը:

Ըստ մամուլի, հարավկորեացիները Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ուղղությամբ արձակել են մի քանի 155-մմ ական: Պատասխան կրակ չի բացվել: Այնուամենայնիվ, իշխանությունները կարգադրել են տարհանել քաղաքացիական բնակչությանը հրետակոծման շրջանից: Հարավային Կորեայի նախագահ Պայ Կին Խեն միջադեպի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել: արավկորեական կողմին վնաս չի հասցվել, տուժածներ ևս չկան:

Հարավային Կորեան 11 տարում առաջին անգամ բարձրախոսներ էր միացրել սահմանին` Փհենյանի քաղաքականության դեմ ուղղված հաղորդագրություններով, որին էլ հաջորդել է հրետակոծությունը Հյուսիսային Կորեայի կողմից: Միջադեպի մասին հաղորդագրությունների ֆոնին կտրուկ անկում է գրանցել ազգային արժույթը:

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է Կորեական ժողովրդական բանակին օգոտոսի 21-ի 17:00-ից մարտական պատրաստականության բերել զորքերը կրակային մարտավարական գրոհի համար, հայտնել էր «Ռենհափը» ԿԺԴՀ կենտրոնական ռադիոյի վրա հղումով: