AM
24 Օգոստոս 2015 - 08:48 AMT

ԻՊ գրոհայիններն անտիկ դարաշրջանի տաճար են պայթեցրել Պալմիրայում

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն օգոստոսի 23-ին պայթեցրել են Բաալ Շամին անտիկ դարաշրջանի տաճարը սիրիական Պալմիրայում, հայտնել է «Ֆրանս պրեսը» հնությունների պետական տնօրինության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմի վրա հղումով:

«ԻՊ-ն այսօր մեծ քանակի պայթուցիկ է տեղադրել Բաալ Շամին տաճարում և պայթեցրել է` տաճարը մեծապես վնասվել է»,-հայտնել է Աբդուլքարիմը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաալ Շամին անտիկ դարաշրջանի տաճարը կառուցվել է առաջին դարում և նվիրված էր գերագույն աստված Բաալին, որը համեմատելի է հունական Զևսի հետ: Տաճարը հինավուրց Թադմոր քաղաքի ավերակների մաս էր կազմում: Հնագետները տաճարը համարում էին Պալմիրայի ամենաարժեքավոր ու լավ պահպանված տաճարներից մեկը: Այն մասնակիորեն վերականգնված էր:

Մի քանի օր առաջ «Իսլամական պետության» գրոհայինները բուլդոզերների օգնությամբ եկեղեցի քանդեցին Սիրիայում: Այն գտնվում էր Էլ Քարյաթան քաղաքում, որը ահաբեկիչները գրավել էին ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ականապատել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հինավուրց Պալմիրայի ավերակները:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն տարածեցին, որ «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ: