AM
24 August 2015 - 11:12 AMT

Ինժեներների մշակած iPhone 6-ը կարող է մեկ շաբաթ աշխատել մեկ լիցքավորմամբ

Բրիտանական Intelligent Energy ընկերության ինժեներների մշակած iPhone 6 սմարթֆոնի նախատիպն աշխատում է ջրածնային վառելիքային տարրով: Հեղինակները պնդում են, որ այդպիսի մարտկոցով սմարթֆոնը կարող է մեկ շաբաթ աշխատել առանց լրացուցիչ լիցքավորման:

Մասնագետներին հաջողվել է վառելիքային տարրը բավականին բարակ անել, որպեսզի այն հնարավոր լինի ներկառուցել iPhone-ի մեջ` Apple սմարթֆոնների վեցերորդ սերնդի հաստությունն ընդամենը 7 մմ է: Սմարթֆոնի լիցքավորման համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ լիցքավորել այն ջրածնով` գարնիտուրայի միացման համար նախատեսված մոդիֆիկացված մուտքի միջոցով: Ընդ որում Intelligent Energy-ում հատուկ նշել են, որ կորպուսում պահպանվել է նաև օգտատերերի մեծամասնության համար սովորական մարտկոցը, որը լիցքավորվում է էլեկտրացանցից:

Կոմերցիոն օգտագործման համար ընկերությունը մտադիր է հեռախոսին միացող քարթրիջ մշակել, որի շնորհիվ սմարթֆոնը կկարողանա աշխատել ջրածնային վառելիքային տարրով մեկ շաբաթ շարունակ: Ջրածնային տարրի կիրառման դեպքում անխուսափելիորեն առաջացող ջրի համար հեռախոսի կառուցվածքում աննշան փոփոխություններ են իրականացվել` խոնավության գոլորշիացման համար կորպուսում օդափոխիչ անցքեր են արվել:

The Telegraph-ը հստակեցնում է, որ Apple ընկերության ներկայացուցիչները մեկնաբանություն չեն տվել Intelligent Energy-ի մշակման վերաբերյալ: