Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կբացվի ԼՂՀ մայրաքաղաքում 2015-ի սեպտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում է կենտրոնի Հաղորդակցման բաժինը:
Ծրագիրը իրականացվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի ու Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի գործակցության շնորհիվ:
ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցության շրջանակում, իսկ Արցախի Կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը իրականացել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:
Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողի, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական 2 օր և կսովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:
Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում:
Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:






