Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարությունը հայտարարել է սեփական արժույթի թողարկման մասին:
Դա կլինի այն մետաղադրամի նմանակը, որն օգտագործվել է 630-ական թվականներին` խալիֆ Օսմանի օրոք: Մետաղադրամների վրա 7 հասկի և աշխարհի քարտեզի պատկերն է, հայտնում է Bloomberg-ը: Ահաբեկիչներն այդ մասին հայտնել են հերթական տեսահոլովակում:
Թե ինչպես են ձուլվել մետաղադրամները և ինչպես են դրանք շրջանառության մեջ դրվելու գրոհայինների կողմից վերահսկվող Սիրիայի և Իրաքի տարածքում, չի հստակեցվում: Հարկ է նշել, որ ԻՊ-ն ունի ֆինանսավորման սեփական աղբյուրները` գրոհայինները վաճառում են գրավյալ տարածքներում արդյունահանվող նավթը, ինչպես նաև տուրք են հավաքում տեղի բնակիչներից, հայտնում է pravda.ru-ն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամսական $40 մլն է ստանում նավթի վաճառքից, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով օգնական Դենիել Գլեյզերը:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:






