Վերջին ամիսներին ՀՀ-ում ինտերնետից օգտվողների թվի աճին զուգահեռ վտանգներն են ավելացել. մարդիկ սկսել են տուժել նաև ֆինանսապես: 2015-ին մեծ թվով օգտատերեր դարձել են կրիպտովիրուսի թիրախ: Այս մասին ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Կրիպտովիրուսները մնում են համակարգչի մեջ, կոդավորում ֆայլերը, նորից վերականգնելու համար օգտատերը ստիպված է լինում գումար վճարել հաքերներին, սակայն երաշխիք չկա, որ նրանք կվերականգնեն տվյալները: Սա նման է համաճարագի», – ասել է մասնագետը, մեջբերում է Panorama.am-ը:
Ըստ նրա՝ վերջին շրջանում խնիդրներն աճում են, բայց դրան զուգահեռ մեր հասարակության այս ոլորտի կրթությամբ ոչ ոք չի զբաղվում:
Այս համատեքստում Մարտիրոսյանը կարևորել է նաև գաղտնաբառերը:
«Գաղտնաբառը պետք է այնպիսինը լինի, որ մարդուն նայելով չհասկանան՝ ինչ գաղտնաբառ նա կօգտագործեր: Կան մարդիկ, ովքեր բարդ գաղտնաբառեր են հորինում, բայց օգտագործում են բոլոր տեղերում: Գաղտնաբառերը պետք է լինեն երկար, պարունակեն թվեր, մեծատառեր ու փոքրատառեր», – ասել է մասնագետը:
Մարտիրոսյանը ընդգծել է, որ ամենախոցելի օպերացիոն համակարգը Windows-ն է: Հակավիրուսային ծրագիրը պետք է անպայման միացված լինի: Ամենապաշտպանված էլեկտրոնային փոստը Gmail-ն է: Պետք է տեղադրել ծրագրեր, որոնք պաշտոնական խանութներից են ձեռք բերվում:Նա խորհուրդ է տվել չկտացնել ամեն ինչին, հեռախոսների ծրագրերից օգտվել միայն լավ տիրապետելու դեպքում:
Փորձագետը անդրադարձել է նաև ԶԼՄ-ներին՝ շեշտելով, որ պետք է ունենալ վստահելի լրատվական կայքերի ցանկ:
«Բոլոր լրատվամիջոցներն էլ սխալվում են, բայց վստահելի է այն կայքը, որը սխալվելուց հետո ճշգրտում է մտցնում: Եթե երեք անգամ խաբում են ու նորմալ են համարում, արդեն պետք չէ վստահել այդ կայքին» – նկատել է Մարտիրոսյանը:
2014-ի տվյալներով՝Հայաստանի բնակիչների մոտ 67%-ն օգտվում է ինտերնետից: ԻսկՀամաշխարհային ցանցին ընկերությունների հասանելիությունը հասնում է 82%-ի:
Հայաստանից Facebook սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը դեկտեմբերին կազմել է 740.000՝ 2014-ի հոկտեմբերի համեմատ ավելանալով 60.000-ով:






