Սեպտեմբերի 5-ին ու 6-ին Գերմանիան Մերձավոր Արևելքից ավելի քան 15.000 փախստական է ընդունել, որոնք մինչև այդ գտնվում էին Հունգարիայի տարածքում:
Ըստ Deutsche Welle-ի, նրանց մեծամասնությունը Մյունխեն է ժամանել Ավստրիայից՝ ամսի 5-ին մոտ 8000 մարդ, 6-ին՝ 7500: Այդ երկու օրվա ընթացքում երկիր ժամանած անօրինական միգրանտների ընդհանուր թիվը, ներառյալ այլ ուղղություններից, կարող է հասնել 17.000-ի:
Դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ նման ցուցանիշները բացառություն են ու չպետք է ամեն օր կրկնվեն:
Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների, սեպտեմբերի 5-ին Բավարիա ժամանած փախստականների մոտ կեսին արդեն տեղավորել են դաշնային այլ հողերում: Սեպտեմբերի 6-ին ժամանած փախստականների կեսին ևս կուղարկեն այլ շրջաններ:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան Հունգարիայի ղեկավարությունը որոշեց արդեն մի քանի օր շարունակ Բուդապեշտի կենտրոնական կայանում գտնվող փախստականներին տեղափոխել ավստրիական սահմանի մոտ: Դրանից հետո Վիեննան ու Բեռլինը հայտարարեցին նրանց ընդունելու մասին: Միգրանտներից շատերը չեն մնում Ավստրիայում, այլ ուղևորվում են դեպի Գերմանիա:
Մինչ այդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Եվրոպայի յուրաքանչյուր կաթոլիկ ծխական համայնքին փախստականների մեկ ընտանիքի ապաստան տալու կոչ է արել, տեղեկացնում է BBC-ն: Նա միաժամանակ նշել է, որ Վատիկանն իր հերթին օրինակ կծառայի.
«Յուրաքանչյուր ծխական համայնք, յուրաքանչյուր կրոնական համայնք, յուրաքանչյուր վանք ու ապաստարան պետք է մեկ ընտանիք իր մոտ տեղավորի»,- ասել է Պապը:
Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունելու սիրիացի փախստականներին:
«Իսրայելը փոքր պետություն է: Մենք չունենք ոչ ժողովրդագրական, ոչ տարածքային հնարավորություններ»,- ասել է նա՝ պատասխանելով Սիոնիստական կուսակցության առաջարկին՝ բացել սիրիացի փախստականների համար սահմանները, գրում է Christian Science Monitor-ը:
Ըստ ЕС Frontex գործակալության տվյալների, 2015-ի սկզբից ԵՄ տարածք է մուտք գործել 340.000 փախստական: Փորձագետների համոզմամբ, ԵՄ-ում ոչ լեգալ միգրանտների վիճակն ամենասարսափելի ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինից հետո:
Հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների թիվը գերազանցեց 100.000-ն ու կազմեց 107.500: Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից փախստականների ամենամեծ հոսքը գրանցվել է Իտալիայում, ուր ժամանում է միգրանտների գրեթե 1/3-ը, ինչպես նաև Հունաստանում:






