Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի Հաքքարիի Յուքսեքովա շրջանի Դաղլըջա գյուղում PKK զինյալների և թուրք զինվորների միջև տեղի ունեցած բախումից հետո, Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր:
Ինչպես հաղորդում է թուրքական «sondakika» լրատվամիջոցը` մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին, գրում է Ermenihaber.am-ը:
Նշվում է նաև, որ Հաքքարի քաղաք են տեղափոխվել նաև մեծ թվով զրահապատ մեքենաներ: Վերջիններս տեղակայվել են տեղի զիվորական պարեկային կետերի մոտակայքում:
Սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Չնայած վերոնշյալ իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարութան մեջ զոհերի թիվը չի նշվում, սակայն թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` ըստ հավաստի աղբյուրների դեպքերի ընթացքում սպանվել է առնվազն 21 թուրք զինվոր: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դադարեցրել է իր այցը երկրիշրջաններ և անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել՝ պայմանավորված Թուրքիայի հարավ-արևելքում իրավիճակի սրմամբ:
Ավելի վաղ քուրդ զինյալները տեղեկություն էին տարածել այն մասին, թե իրենք թուրքական զինուժին պատկանող ավտոշարասյուն են պայթեցրել։ Տարբեր տվյալներով՝ ավտոշարասյան կազմում եղել է մինչև 37 մարդ: Թուրքական աղբյուրները հաղորդում են 16 զոհի մասին։
Դրանից հետո Թուրքիայի օդուժը հատուկ գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ։ Օդ բարձրացած F-16 և F-4 կործանիչները հարվածներ են հասցնում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ուժերին, թուրքական NTV հեռուստաընկերության կայքին հղումով գրում է Tert.am-ը:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Հաքքարի նահանգում գտնվող 13 կետում օդային գործողություն է իրականացվել։ Հաղորդվում է բազմաթիվ զոհերի մասին։
Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:






