AM
10 Սեպտեմբեր 2015 - 14:51 AMT

Եվրախորհրդարանը բանաձևով դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների ու ազատության խախտումները

Եվրախորհրդարանում սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների խնդիրներին, Ադրբեջանում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը։

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Ասվում է նաև, որ խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները, գրում է Tert.am-ը:

Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:Իշխանությունները նրան մեղադրել են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Ինչպես իր վերջին խոսքում ասել է լրագրողը, նրա դեմ ներկայացված մեղադրանքները նման են եղել այն մեղադրանքներին, որոնք նա առաջադրել է Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ իր հոդվածներում՝ անօրինական գործարարություն, հարկերից խուսափում և իշխանության չարաշահում: Տարբերությունն այն է, որ նա իր մեղադրանքները հիմնավորել է փաստերով, ապացույցներով և փաստաթղթերով, մինչդեռ նրա դեմ գործը հիմնվել է վատ կեղծված հայտարարությունների և հեշտությամբ հերքվող պնդումների վրա: Ոչ մի վկա Իսմայիլովայի դեմ վկայություն չի տվել դատարանում:

Սեպտեմբերի 1-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Իսմայիլովային։ Բացի այդ, կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը ընդգծել է, թե վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն խոսքերով և կոնկրետ քայլեր անի Իսմայիլովայի և այլոց բանտից ազատ արձակման համար: Այս համատեքստում Human Rights Watch-ն առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների, որոնք իրենց հիմնարար ազատություններն են իրականացրել։

Կառույցը Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արել իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով:

Սեպտեմբերի 3-ին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կոչ են արել վերանայել Իսմայիլովայի դատավճիռը: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է՝ տվյալ դատավճիռն արտացոլում է այն ծանր իրավիճակը, որն առկա է Ադրբեջանում՝ մամուլի ազատության տեսանկյունից:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին : «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», – ասել է Շուլցը: Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: