AM
10 Սեպտեմբեր 2015 - 15:16 AMT

ԵԽ նախագահը Թուրքիային մեղադրել է քաղաքացիականների և զինկառույցների միջև բախումների մեջ

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարթին Շուլցը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ: Շուլցը թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ Թուրքիայում քաղաքացիական անձանց և զինկառույցների միջև բախումներ են տեղի ունենում:

Իսկ Թուրքիայում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումները, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) վրա իրականացված հարձակումները Շուլցը որակել է որպես «շատ անհանգստացնող երևույթներ», թուրքական Bugun թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Մամուլի ազատությունը և անկախությունը թուրքական դեմոկրատիայի տարրերից մեկն է և ցանկացած ԵՄ թեկնածու երկրի համար նախապայման է», – ասել է Շուլցը:

Թուրք պաշտոնյաներին և քուրդ քաղաքական գործիչներին կոչ է արել ամեն ինչ անել թուրք-քրդական գործընթացի խաղաղ կարգավորման համար:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:

Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ստամբուլի հայաբնակ թաղամասերում թուրք ազգայնականների խմբերի հարձակման պատճառով լարված է եղել:

Ըստ աղբյուրի` հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Դա կարճաժամկետ գործողություն է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակցել են սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Կարդացեք նաև՝ Սասունյան. Էրդողանը սպառնալիք է սեփական քաղաքացիների և ապակայունացնող ուժ՝ տարածաշրջանի համար