Ադրբեջանի Միլլի մեջլիսը՝ խորհրդարանը, սեպտեմբերի 14-ին արտահերթ նիստ կգումարի:Օրակարգում լինելու է մեկ հարց՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի հանդեպ վերաբերմունքի դրսևորումը։
Սովորաբար նիստը հրավիրվում է պատգամավորների նախաձեռնությամբ, սակայն հավանաբար, այս անգամ հրամանը եկել է նախագահի աշխատակազմից, և պատգամավորները շտապ հետ են կանչվել արձակուրդից, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։
Հարցի առնչությամբ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Եվրամիության ներկայացուցիչ Մալենա Մարդը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երկրում ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է Ադրբեջանի տեսակետն ու նշել, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։
Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:






