AM
14 Սեպտեմբեր 2015 - 10:05 AMT

Գերմանիան վերականգնում է սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ

Գերմանիան վերականգնում է սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը և Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը մեկնաբանել են Բեռլինի որոշումը Եվրամիության երկրների հետ սահմանային հսկողությունը վերականգնելու մասին որոշումը, որը պայմանավորված է փախստականների աննախադեպ հոսքով:

Գերմանիայի իշխանությունները որոշել են օգտվել Շենգենի սահմանների մասին օրենսդրության հնարավորություններից և ժամանակավորապես սահմանային հսկողություն հաստատել Եվրամիության երկրների հետ:

«Հասարակական կարգին լուրջ սպառնալիքի կամ անդամ պետությունների ներքին անվտանգությանը սպառնալիքի դեպքում բացառության կարգով կարող է ժամանակավորապես սահմանային հսկողություն հաստատվել 30 օր և ավելի ժամկետով, եթե սպառնալիքը չի չեզոքացել նշված ժամկետում»,-ասվում է փաստաթղթում:

Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով սահմանային հսկողությունն առաջին հերթին վերականգնվում է Ավստրիայի հետ սահմանին` Բավարիայում: Անցած շաբաթ այստեղով տասնյակ հազարավոր փախստականներ են անցել: Ըստ Bayerischer Rundfunk հեռուստաընկերության, օգոստոսի վերջից Բավարիա է ժամանել մոտ 63 հազար փախստական, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մեզիերը նշել է, որ Գերմանիան չի կարող միայնակ ընդունել բոլոր ցանկացողներին:

Գերմանիան, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ երկրների, որպես մագնիս ձգում է փախստականներին, սոցիալական համակարգի և ֆինանսական հնարավորությունների առավելության առումով:

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է, որ բանակը կմասնակցի պետական սահմանների պաշտպանությանը, հայտնել է AFP-ն: «2 ժամում պետք է մոբիլիզացվի 2,2 հազար զինվոր, որոնք կաջակցեն ոստիկանությանը սահմանի որոշ հատվածներում»,-ասել է նա: Ըստ նրա, դա արվում է «Շենգենի համաձայնագրի շրջանակում», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրոպական իշխանությունները սեպտեմբերի 14-ին ներգաղթյալների առանձնապես մեծ հոսք են ակնկալում, քանի որ Գերմանիան ժամանակավորապես վերականգնում է սահմանային հսկողությունն Ավստրիայի հետ, իսկ սեպտեմբերի 15-ից Հունգարիայում խստացվում է միգրացիոն օրենսդրությունը: Սեպտեմբերի 15-ից բոլոր նրանք, ով ապօրինի կհատեն հունգարա-սերբական սահմանը, կձերբակալվեն, իսկ սահմանը կհսկեն նաև զինվորականները:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: