AM
14 Սեպտեմբեր 2015 - 13:23 AMT

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչև 2016-ի մարտը

Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը մինչև 2016-ի մարտ ամիսը երկարացնելու որոշմանը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՄ-ում սեփական աղբյուրի վրա հղումով: Ըստ գործակալության, որոշումը կայացվել է Ընդհանուր գործերի խորհրդի նիստում: Այսպիսով, պատժամիջոցների են ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձիք Ռուսաստանից և Ուկրաինայից, որոնց եվրոպացի պաշտոնյաները մեղսակից են համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը: Սեպտեմբերի 2-ին ԵՄ անդամ երկրների Մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշեց երկարացնել պատժամիջոցները կես տարով` մինչև 2016-ի մարտը: Պատժամիջոցները ուժի մեջ էին մինչև սեպտեմբերի 15-ը:

Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը մեղսակից ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց դեմ գործող պատժամիջոցները երկարացնելու մասին որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ից, հայտնել է աղբյուրը ԵՄ-ում:

«Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ին ԵՄ պաշտոնական մատյանում հրապարակումից հետ»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի մարտից արևմտյան երկրներն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: 2015-ի մարտին ընդլայնվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկը, իսկ հունիսին` Կանադայի պատժամիջոցների ցանկը: Բացի այդ, հունիսի 22-ին Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում երկարացրել են տնտեսական պատժամիջոցների գործողությունների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը: