AM
16 September 2015 - 08:05 AMT

Facebook-ը «չեմ հավանում» լրացուցիչ կոճակ կունենա

Facebook սոցցանցում նոր լրացուցիչ կոճակ կհայտնվի` «չեմ հավանում», որը թույլ կտա օգտատերին իր դժգոհությունը հայտնել այս կամ այն գրառման վերաբերյալ: Այդ մասին Կալիֆորնիայում տեղի ունեցած խորհրդաժողովում հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նոր կոճակի հայտնվելու պատճառն, ըստ Ցուկերբերգի, սոցցանցի օգտատերերի բազմաթիվ դիմումներն էին: «Կարծում եմ, մարդիկ տարիներ շարունակ մտածել են նման կոճակի մասին: Այսօր առանձնահտուկ օր է, քանի որ կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-մեջրբերում են լրագրողները Ցուկերբերգի խոսքը:

Նա նշել է, որ իրենք մտադիր չեն Reddit սոցիալական լրատվական կայքի սկզբունքով կառուցել իրենց մոդելը, որտեղ օգտատերերի դրական և բացասական գնահատականներն ազդում են նյութի դիրքի վրա լրահոսում: Ցուկերբերգը պարզաբանել է, որ «չեմ հավանում» կոճակը կարող է օգտագործվել տխուր կամ ողբերգական գրառումների դեպքում, օրինակ, որևէ մեկի մահվան կամ անձնական ճգնաժամի մասին հաղորդագրության դեպքում: «Յուրաքանչյուր պահ չի կարող լավը լինել: Եվ պետք է ինչ-որ կերպ ցավակցություն հայտնել»,-պարզաբանել է Ցուկերբերգը:

Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Facebook-ն աշխատում է համայնապատկերային տեսանյութերի դիտման համար նախատեսված բջջային հավելվածի վրա: Այդ մասին հայտնեց The Wall Street Journal-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ասվում էր, որ օգտատերերը կկարողանան հեշտությամբ կառավարել ռակուրսն ու ուղղել տեսախցիկն անհրաժեշտ անկյունով` սմարթֆոնը շրջելով: Ծրագիրը հասանելի կլինի Android-ով և iOS-ով, թեև այն դեռ մշակման սկզբնական փուլում է:

F8 2015 գարնանային խորհրդաժողովում Մարկ Ցուկերբերգը հայտնեց, որ ընկերությունը մտադիր է հավելված մշակել համայնապատկերային տեսանյութերի համար: Ըստ նրա, 360 աստիճանի համար նախատեսված տեսանյութն առաջին քայլը կլինի վիրտուալ իրականությանն ընդառաջ: 2014-ին Facebook-ը գնեց Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտի մշակումը: