AM
16 Սեպտեմբեր 2015 - 07:36 AMT

Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը

Իրանի դեմ գործող ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել Թեհրանի կողմից «վեցյակի» հետ գործարքի դրույթների կատարման մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հայտարարել է ԱԽ պատժամիջոցների կոմիտեի նախագահ, Իսպանիայի մշտական ներկայացուցիչ Ռոման Մարչեսին:

Սեպտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ ԱԽ նիստում Մարչեսին ներկայացրեց կոմիտեի զեկույցը վերջին 3 ամսվա համար` Խորհրդի համապատասխան բանաձևերի կատարման վերաբերյալ, որն առաջինն էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 14-ի պատմական համաձայնությունից հետո:

«Անցումային շրջանում, քանի դեռ չի ստացվել ՄԱԳԱՏէ-ի զեկույցը, որով կհաստատվի, որ Իրանը քայլեր է ձեռնարկել միջուկային ոլորոտւմ ըստ 2231 բանաձևի, այսինքն մինչև այպես կոչված «իմպլեմենտացիայի օրը», պատժամիջոցները կգործեն»,-ասել է Մարչեսին:

Նա նշել է, որ ԱԽ պատժամիջոցները, որոնք սահմանված են ըստ 2006, 2007, 2008, 2010 թթ. բանաձևերի, «շարունակում են գործել և անդամ երկրները պարտավոր են կատարել դրանք, հաշվի առնելով բացառությունները, որոնq նախատեսված են թիվ 2231 բանաձևով»:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ելույթ ունենալով նիստում, նշել է, որ «ուժի մեջ մտնելուց հետո` հոկտեմբերի 18-ին, «Թեհրանը կսկսի իրականացնել միջուկային ծրագրի վերաբերյալ ստանձնած գործնական միջոցները, իսկ ԱՄՆ-ն և «վեցյակի» եվրոպացի անդամները կսկսեն իրավական հենքի նախապատրաստումը միակողմանի հակաիրանական պատժամիջոցները չեղյալ հայտարարելու վերաբերյալ»:

«Մենք հիմքեր չունենք կասկածելու, որ կողմերը պարտաճանչ չեն լինի պարտավորությունները կատարելիս»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: