AM
16 Սեպտեմբեր 2015 - 08:52 AMT

ԵՀ-ն առաջարկում է պատժել փախստականների քվոտաներից հրաժարվող ԵՄ երկրներին

Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել Եվրամիության այն երկրների ֆինանսավորումը ԵՄ հիմնադրամներից, որոնք հրաժարվում են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ժամանող փախստականների ընդունման ազգային քվոտաներից, հայտնել է EUobserver-ը:

«Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել հիմնադրամներն այն երկրների համար, որոնք մերժում են ապաստան փնտրողների վերաբնակեցման մեխանիզմը»,-գրում են ԶԼՄ-ները:

Մինչդեռ, միգրացիոն քաղաքականության գծով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը համամիտ չէ այս կարծիքին: «Անձամբ ես կգերադասեի կարկանդակը, ոչ թե մտրակը: Այլ կերպ ասած, չկա ծանրակշիռ հիմնավորում օգնությունը կրճատելու համար: Մենք ցանկանում ենք օգնել անդամ երկրներին, ոչ թե պատժել նրանց: Վստահելի երկխոսություն վարելով անդամ պետությունների հետ` մենք հուսով ենք, որ կհամոզենք նրանց գտնել ճգնաժամի լուծումը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 14-ին ԵՄ երկրների ՆԳ նախարարները Բրյուսելում արտահերթ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն հասան անդամ երկրներում 2 տարվա ընթացքում Իտալիա և Հունաստան ժամանած 40 հազար փախստականներին իրենց մոտ բաշխելու վերաբերյալ: Սակայն, նախարարներին չհաջողվեց պայմանավորվել պարտադիր քվոտաների հիման վրա ևս 120 հազար փախստականների տեղավորման մասին: Վերջնական որոշումը պետք է կայացնի ԵՄ ներքին գործերի խորհուրդը սեպտեմբերի 22-ին, ոչ թե հոկտեմբերի 8-ին, ինչպես ավելի վաղ էր նախատեսվում, կայանալիք արտահերթ նիստում: Ակնկալվում է, որ ազգային քվոտաներ սահմանելու մասին որոշումը ԵՄ երկրների համար ընդունվելու է այսպես կոչված «որակյալ մեծամասնությամբ», ընդ որում ԵՄ խոշոր երկրները ունեն ձայների առավելություն:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն, իր հերթին, հայտարարեց, որ ԵՄ արտահերթ գագաթանժողով հրավիրելու մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 17-ին: Եվրահանձնաժողովն առաջարկություններ է մշակել ազգային քվոտաների վերաբերյալ, սակայն այդ առաջարկին դեմ են հիմնականում Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Ռումինիան:

Մինչդեռ փախստականների առաջին մեծ խմբերը սեպտեմբերի 16-ի վաղ առավոտից սկսել են ժամանել Խորվաթիա, ոտքով հատելով խորվաթա-սերբական սահմանը` շրջանցելով պաշտոնական անցակետերը, հայտնում է Խորվաթիայի ազգային HRT հեռուստաալիքը:

Խորվաթիայի և Սերբիայի սահմանին չկան պատնեշներ: Լուրջ տուգանքներ սահմանախախտների համար նախատեսված չեն: Ոստիկանները փորձում են հայտնաբերել նրանց և գրանցման ուղարկել:

Փախստականներով ավտոբուսները Խորվաթիայի սահմանին են մոտենում սերբական Պրեշեվոյից, որտեղից մինչև վերջերս նրանք մեկնում էին Հունգարիա: Սակայն սեպտեմբերի 15-ին Հունգարիայի իշխանությունները խստացրեցին օրենսդրությունն ու կտրուկ սահմանափակեցին մուտքը երկիր, որի հետևանքով վերջին 24 ժամում հազարավոր փախստականներ են կուտակվել հունգարա-սերբական սահմանին:

Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը, իսկ սահմանի ապօրինի հատման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, արտաքսում հետ` Սերբիա, ինչպես նաև փախստականի կարգավիճակի տրամադրման մասին հարցումների արագացված ուսումանսիրում և մարդկանց մաքսանենգության համար քրեական պատժի խստացում:

Տարեսկզբից Հունգարիա է մուտք գործել մոտ 500 հազար ներգաղթյալ, որոնց շարքերն ամեն օր համալրվում են հազարավոր նոր փախստականներով:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: