5 թուրք ոստիկան է զոհվել և 3-ը վիրավորվել է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակացության (ՔԱԿ) գրոհայինների կողմից զրահամեքենաների պայթեցման հետևանքով Թուրքիայի Մարդին և Հաքքյարի գավառներում, հայտնում է Sabah-ը:
3 ոստիկան, այդ թվում ոստիկանության կոմիսարը, սպանվել են Մարդինում ճամփեզրին տեղադրված ականի պայթյունից, մեկ ոստիկան վիրավորվել է: Եվս երկու իրավապահ զոհվել է Հաքքյարիում զրահամեքենայի պայթեցման հետևանքով: Երկու գավառներում գրոհայինների չեզոքացման գործողություն է ընթանում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
Մինչդեռ Թուրքիայի Կայսերի քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան ոստիկանական գործողություն է իրականացվել՝ ուղղված «զուգահեռ կառույցի» ենթադրյալ աջակիցների դեմ, հայտնում է ermenihaber-ը: Թուրքիայում «զուգահեռ կառույց» անվանում են իշխանությունների հետ խոր առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքին՝ իսլամական շարժման առաջնորդ՝ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին:
Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ գործողության արդյունքում ձերբակալվել է 11 քաղաքացի, որոնց թվում՝ հայտնի թուրքական «Boydak Holding» ընկերության և թուրքական «Մելիքշահ» համալսարանի ղեկավարները:
Նշյալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Boydak Holding»-ի գործադիր տնօրեն Մեմդուհ Բոյդաքը և մի շարք այլ գործարարներ այս առավոտ բերման են ենթարկվել իրենց տներից և աշխատավայրերից:
«Boydak Holding»-ը ներառում է 12 տարբեր ոլորտներում (կահույքի արտադրություն, բանկային գործ, տեքստիլ արդյունաբերություն և այլ) գործունեություն ծավալող 41 ընկերություն, որոնցից 8-ը տեղ են գտել Թուրքիայի ամենախոշոր 500 արդյունաբերական կազմակերպությունների ցուցակում: «Boydak Holding»- Թուրքիայում ապահովում է 14.000 աշխատատեղ:






