AM
16 Սեպտեմբեր 2015 - 15:39 AMT

Նախարար․Կառավարությունը «Նաիրիտ» ընկերության վերաբերյալ որոշում չի կայացրել

«Նաիրիտ» կաուչուկի գործարանի լուծարումը կամ սնանկացումը բոլորովին ձեռնատու չէ ՀՀ կառավարության համար, որովհետև կառույցի պահպանման, անվտանգության ապահովման, ապա՝ վնասազերծման հետ կապված ծախսվող գումարները բավականին մեծ են։ Ազգային ժողովի և կառավարության միջև հարց ու պատասխանի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրմանը։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

«Ընկերության խնդիրը երկար տարիներ քննարկվում է տարբեր հարթություններում և տարբեր ընկերությունների կողմից։ Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունը հաշվի է առել միջազգային շուկայում եղած փոփոխությունները, այն, որ գործարանը չի շահագործվել վերջին 3-4 տարիների ընթացքում, կաուչուկի պահանջարկն աշխարհում և այլն։ Նրանք խորհուրդ են տվել լուծարել գործարանը։ Ամեն դեպքում, դա ՀՀ կառավարությունը դա չի ընդունել, որպես վերջնական հիմք, և որոշում «Նաիրիտ» ընկերության վերաբերյալ գործատուն չի կայացրել»,- հայտարարեց Զախարյանը։

Նա նշեց, որ ներկայումս քննարկումները շարունակվում են։ ՀՀ վարչապետի կողմից բազմիցս շեշտվել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված։ Ցավոք, ըստ նախարարի, վերջին երկու տարիներին որևիցե կոնկրետ առաջարկություն որևէ ներդրողի կողմից չի եղել։

«Առաջարկություններ հնչել են միայն ցանկությունների տեսքով, որոնք հետագայում կոնկրետ առաջարկությունների չեն վերածվել։ Այսօր ևս մենք չունենք կոնկրետ առաջարկություներ։ Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն ներդրողների հետ «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման համար։ Սակայն պետք է գիտակցել, որ դրա համար անհրաժեշտ են բավականին լուրջ՝ 200-ից 300 մլն դոլարի ներդրումներ, դա բխում է նաև ուսումնասիրության արդյունքներից»,- ավելացրեց նախարարը։

Նա նաև շեշտեց, որ որոշ անձանց առաջարկությունները, ըստ որոնց «Նաիրիտ»-ը հնարավոր է վերագործարկել 50-60 մլն դոլար ներդրումներով, բացարձակ չհիմնավորված են ու գործից անտեղյակ լինելու հետևանք։ Զախարյանի կարծիքով, 50-ից 60 մլն դոլարի ներդրումները չեն կարող ապահովել անգամ գործարանի 1-2 ամսվա շրջանառու միջոցները։

«Այսօր գործադիրի համար նպատակահարմար է գործարանի վերագործարկումը։ Կառավարությունը պատրաստ է նաև զիջումների գնալ պարտքերի մասով, ժամանակավորապես սառեցնել դրանք, միայն թե հնարավոր լինի ընկերությունը վերագործարկել»,- հավելեց Զախարյանը։

Աշնանը Ազգային Ժողովում «Նաիրիտի» հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:

Ադրադառնալով այն հանգամանքին, որ գործարանի աշխատակիցներին ստիպել են ստորագրել պարտքի զիջման պայմանագրեր՝ աշխատավարձի վճարման դիմաց՝ Զախարյանը շեշտեց, որ ստիպողաբար ոչ ոք պայմանագիր չի ստորագրել։

«Նաիրիտ» գործարանի աշխատողներն իրենց կողմից ստորագրված աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրի հարցով մտադիր են դատարան դիմել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է գործարանի նախկին մամուլի խոսնակ, ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

«Մեզ ստիպեցին ստորագրել պարտքի զիջման պայմանագրեր, այլապես աշխատավարձ չէինք ստանա: Այժմ, երբ սոցիալական հարցը լուծվեց՝ աշխատավարձերը վճարվեցին, կդիմենք դատարան ու դատախազություն՝ շանտաժի փաստով», – ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նույնիսկ այն աշխատակիցներին են ստիպել ստորագրել պայմանագիրը, որոնք աշխատավարձերն առանց տույժ ու տուգանքի ստանալու դատավճիռ ունեին:

Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պետք է խորհրդակցեն իրավաբանների հետ, որպեսզի հասկանան, թե ում դեմ են ներկայացնելու հայցը, գրում է Aysor.am-ը: «Առավել ևս, պետք է հասկանալ, թե ինչու է պետական բյուջեից վճարվել մասնավոր ձեռնարկության աշխատավարձերի պարտքը: Ինչու փոշիացված գումարները չեն գտնվել ու պետությունն է ստիպված եղել վճարել»,- հավելել է նա:

Նաիրիտցիները նաև նշում են, որ մտադիր են առաջիկայում բողոքի նոր ակցիաներ կսկսել՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով: Հարությունյանը հայտնել է, որ գործարանի մասնագետների հաշվարկներով վերագործարկման համար կպահանջվի մոտ $97 մլն, այլ ոչ թե $250-400 մլն՝ Համաշխարհային բանկի կողմից իրականացված աւդիտի տվյալներով:

«Նաիրիտ» գործարանի աշխատողի աշխատավարձի պարտքն օգոստոսի 4-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է: Մոտ 2400 աշխատողի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում: Գործարանի աշխատակիցները մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով: