AM
23 Սեպտեմբեր 2015 - 08:24 AMT

Օլանդը պատժամիջոցներով է սպառնում Արևելյան Եվրոպայի երկրներին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի երկրները փախստականների հանդեպ վերաբերմունքի պատճառով կարող են հայտնվել Եվրամիության պատժամիջոցների տակ: «Եվրամիությունում կանոններ գոյություն ունեն: Եթե չեն պահպանվում մրցակցության կանոնները կամ կայունության մասին պակտը, դրան հաջորդում են պատժամիջոցները: Այսպիսով, այդ երկրները կհայտնվեն մի իրավիճակում, երբ կդադարեն ստանալ այն, ինչ ստանում են Եվրամիությունից»,-ասել է նա:

Վերջին շրջանում սահմանները փակելու մասին հայտարարեցին Ավստիան, Գերմանիան, Սլովակիան: Հունգարիան և Բուլղարիան արգելապատնեշներ են կառուցում` կասեցնելու համար փախստականների անկառավարելի հոսքը: Հունգարիայի խորհրդարանը զգալիորեն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը` որպես պատիժ ազատազրկումը սահմանելով երկրի սահմաններն ապօրինի հատելու համար:

Ինչպես ասել է Օլանդը, չի կարելի Եվրոպայից աջակցություն պահանջել և մերժել համերաշխություն հայտնելու առումով, հայտնում է «Վեստի.ռու»-ն BFM-ի վրա հղումով:

«Եվրամիության անդամ լինելով միայն շահ չէ, որ ակնկալում ենք: Հարկավոր է նաև իր ավանդն ունենալ, հատկապես եթե խոսքը գնում է ծայրահեղ ծանր վիճակում հայտնված մարդկանց ընդունելու մասին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա հիշեցրել է նաև, որ Արևմտյան Եվրոպան ավելի վաղ հսկայական աջակցություն է ցուցաբերել նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին:

«Այդ երկրները, դուք գիտեք որ երկրների մասին է խոսքը, աջակցություն են ստացել Եվրամիությունից այն ժամանակ, երբ դուրս էին գալիս խորհրդային համակարգից: Դրանք Բեռլինի պատից այն կողմ գտնվող երկրներին էին»,-հավելել է Օլանդը, գրում է vz.ru-ն:

«Ի՞նչ արեց Ֆրանսիան, ի՞նչ արեց Գերմանիան և մյուս եվրոպական երկրները: Մենք նրանց ընդունեցինք, ինտեգրեցինք: Այժմ նրանցից խնդրում են ոչ թե երկրներ ընդունել, այլ մարդկանց տեղավորել, որոք վտանգի մեջ են»,-ասել է նա: Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները ձայների մեծամասնությամբ որոշմ են կայացրել 120 հազար փախստականի Միության անդամ երկրներում տեղաբաշխելու մասին:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: