Սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, նախարարն իր վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:
«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակը սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,_-շեշտեց Նալբանդյանը։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասաց. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։
Հանդիպմանը քննարկվեցին իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։
ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպումից հետո գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Լուրջ զրույց ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ, թե ինչպես վարվել բռնության, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի դեպքերի հետ», – գրել է համանախագահը:
Ավելի վաղ արված գրառումով Ուորլիքը մասնավորապես ասել է.
«Համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր բռնությունների առնչությամբ` կոչ անելով վերջ դնել հարձակումներին ու պատասխաններին»։
Ավելի վաղ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Տավուշի գնդածոթությունը Tert.am-ին, հայտարարել էր, որ Բաքվի` բանակցությունների հնարավոր առաջընթացի վիժեցմանն ուղղված նման գործողություններն արդեն ավանդական են դարձել: «Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի: Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը», – ասել էր նա:
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:






