ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխել է դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկուսացման վերաբերյալ` ռուսական կողմի «բազում հարցումներից» հետո, մեջբերում է AFP-ն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի հայտարարությունը:
«Նախագահն իրոք որոշել է, որ անձնական հանդիպումը Պուտինի հետ օգտակար կլինի ԱՄՆ շահերն առաջ տանելու տեսակետից»,-պարզաբանել է Էռնեստը:
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Օբաման մտադիր չէ «բացահայտ թշնամանք» ցուցադրել, քանի որ նախկինի պես կարծում է, որ «Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է» իսպանականին մի փոքր զիջող տնտեսությամբ: Նա ասել է նաև, որ Ռուսաստանի իշխանություններն ավելի են շահագրգռված հանդիպել, քանի որ իրենք են բազմիցս դիմել հանդիպում անցկացնելու հարցումով: «Կարծում եմ, այս իրավիճակում ՌԴ իշխանությունների փորձերը կարելի է բնորոշել որպես…ավելի հուսահատ»,-հայտարարել է Օբամայի ներկայացուցիչը:
Պուտինի և Օբամայի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանի շրջանակում:
Ռուսական և ամերիկյան կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում հանդիպումը: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առանցքային է լինելու Սիրիայում իրավիճակի հարցը, և, «եթե ժամանակ մնա», նաև Ուկրաինայի հարցը: Սպիտակ տանը հակառակը հայտարարել են, որ Օբաման մտադիր է առաջին հերթին քննարկել Պուտինի հետ իրավիճակն Ուկրաինայում և Մինսկի համաձայնությունների կատարումը, հայտնում է «Դոժդը»:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը կարող է խնդրել Մոսկվային, որպեսզի ՌԴ զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե նման անհրաժեշտություն լինի: Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում:
Վաշինգտոնը տրամադրված է բանակցային գործընթացի սիրիական հակամարտության քաղաքական լուծման համար՝ կոչ անելով ՌԴ-ին ու Իրանին միջնորդի դերում հանդես գալ նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսությունում: Սիրիայի հարցում ամերիկյան դիրքորոշման որոշակի մեղմացման մասին է խոսում Քերիի հայտարարությունն այն մասին, որ չնայած ԱՄՆ-ը կրկին պահանջում է Ասադի հեռացումը, սակայն չի պնդում, որ դա տեղի ունենա անմիջապես:






