Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, ուսումնասիրելով ադրբեջանական REAL քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի կայացրած վճռի կատարման ընթացքը, միջանկյալ որոշում է կայացրել, գրում է contact.az-ը։
Կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ և նշել է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Կոմիտեն նաև համառորեն կոչ է արել ապահովել նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը, ասվում է ԵԽ-ի պաշտոնական հայտարարությունում: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն խստորեն քննադատել է այն, որ մինչ օրս Մամեդովն ազատ չի արձակվել՝ չնայած նախորդ միջանկյալ որոշմանը, հայտնում է Tert.am-ը:
Որոշման մեջ անհանգստություն է հայտնվում նաև Մամեդովի պաշտպան Խալիդ Բագիրովին Փաստաբանների կոլեգիայից հեռացնելու առնչությամբ: Կոմիտեն կոչ է արել ԵԽ երկրների իշխանություններին և կազմակերպության գլխավոր քարտուղարին Ադրբեջանի առաջ ամենաբարձր մակարդակով դնել Մամեդովին ազատ արձակելու հարցը։
ԵԽ-ն կվերադառնա այդ հարցի քննարկմանը 2015թ. դեկտեմբերին կայանալիք նիստի ժամանակ։
Ավելի վաղ` սեպտեմբերի 10-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված լսումներ են տեղի ունեցան, որոնց ընթացքում ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների խնդիրներին, Ադրբեջանում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը։ Եվրախորհրդարանի բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Ասվում է նաև, որ խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները:
Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:Իշխանությունները նրան մեղադրել են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։






