Մոտ 1,5 մլն սիրիացի և 500 հազար պաղեստինցի փախստականների ներկայությունը Լիբանանի տարածքում շատ բացասաբար է անդրադառնում երկրի անվտանգության, տնտեսական և սոցիալական ինստիտուտների վրա, հայտարարել է Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը Նյու Յորքում` «77+ Չինաստան» խմբի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությանը:
«Պատկերացրեք, որ խեղճ Լիբանանը, որը 4 մլն բնակչություն ունի, ընդունել է 2 մլն փախստականի: Մինչդեռ 500-միլիոնանոց Եվրոպան մեկ ամիս է ջանում է ընդունել 120 հազար փախստականի…»,-ասել է ԱԳ նախարարը:
ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո:
«Այս ճգնաժամը աղետալի հետևանքներ կունենա անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտի և բնապահպանության համար: Այն կաթվածահար է արել Լիբանանի բոլոր ինստիտուտները` առողջապահական, կրթական, էներգետիկ, ջրամատակարարման, անվտանգության»,-մեջբերում է Բասիլին Լիբանանի NNA ազգային գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լիբանանի ԱԳ նախարարը նշել է, որ չնայած փախստականների հետ կապված այս ճգնաժամին, Բեյրութը չի ստանում անհրաժեշտ աջակցություն և երկարաժամկետ արտոնյալ վարկեր:
Լիբանանի ղեկավարությունը կարծում է, որ եթե այս զգուշացումները հաշվի չառնվեն և «արմատական փոփոխություններ չկատարվեն տարածարջանի վերաբերյալ քաղաքականության մեջ», փախստականների խնդիրը չի լուծվի: Փախստականների հոսքի ավելացումը անդառնալի հետևանքների կհանգեցնի, որոնք չեն կարողանա հանգուցալուծել կողմերից և ոչ մեկը»,-ասել է Բասիլը:
Սիրիայում ճգնաժամի մեկնարկից ի վեր ավելի քան 6 մլն մարդ փախստական է դարձել: Մեծ մասն ապաստան է գտել հարևան երկրներում` Լիբանանում, Հորդանանում և Թուրքիայում: 4 տարում Լիբանանը մոտ 7 մլրդ դոլար է ծախսել փախստականների կարիքների համար` 70 մլրդ արտաքին պարտք ունենալով:
Փախստականների ճամբարներում ապրողներին հումանիտար օգնություն են ցուցաբերում ՄԱԿ միջազգային կազմակերպություններն ու Լիբանանի բարեգործական ընկերությունները: Սակայն, չնայած դրան, ծանր վիճակ է ստեղծվել մաքուր խմելու ջրով, դեղորայքով ապահովելու գործում, ինչպես նաև պայմաններ չկան երեխաների ուսուցումն ապահովելու համար:






