AM
26 Սեպտեմբեր 2015 - 08:48 AMT

Ստեփանակերտում չեղյալ են հայտարարել մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ սեպտեմբերի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, հայտնում է «Արցախպրեսը»: «Նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու»,- հակիրճ ասել է Ա. Հակոբյանը:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.):