AM
28 Սեպտեմբեր 2015 - 09:04 AMT

Իրանի նախագահը պնդում է, որ Ասադը պետք է շարունակի պաշտոնավարել, Օլանդն ու Քեմերոնը` դեմ են

Աշխարհի գերտերությունները ճանաչել են այն փաստը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մնա իր պաշտոնում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Կարծում եմ, այսօր բոլորը համամիտ էին, որ նախագահ Ասադը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մենք կարողանանք դիմակայել ահաբեկիչներին»,-ասել է Ռոուհանին CNN-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ռոուհանին կոչ էր արել բոլոր ուժերին, որոնք դիմակայում են «Իսլամական պետությանը», անհապաղ ձեռնամուխ լինել Սիրիայում գործողությունների պլանի մշակմանը, հաշվի առնելով Ասադի կառավարության կարծիքը: Ռոուհանին հայտարարել էր, որ ԻՊ դեմ պայքարին մասնակից բոլոր երկրներն, այդ թվում ՌԴ-ն, «պետք է համախմբված գործեն և բանաձև մշակեն, անհապաղ ահաբեկիչներին վտարելու համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի նախագահը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանին:

Իրանը կարող է աջակցել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը, սակայն նախագահ Ասադի դերը երկրի ապագա կառուցվածքում բացառվում է: Այդ դիրքորոշումը սեպտեմբերի 27-ին արտահայտել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ում Իրանի նախագահի հետ հանդիպմանը:

«Իրանը դերակատարություն ունի տարածաշրջանում, սակայն նաև աջակցող կողմ է»,-մեջբերում է Reuters գործակալությունը Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը փակ ռեժմով անցած հանդիպմանը, հայտնել է «Թրենդ» գործակալությունը ՏԱՍՍ-ի վրա հղումով:

Ավելի վաղ Օլանդը ելույթ էր ունեցել ՄԱԿ կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում` հայտարարելով, որ «Սիրիայի ապագան չի կարող կապված լինել Բաշար Ասադի հետ»: Այդ հայտարարությունը հակասում է վերջին շաբաթներին հնչած ենթադրությանն այն մասին, որ արևմտյան երկրները սկսում են հասկանալ Սիրիայի նախագահի հետ գործակցելու անհրաժեշտությունն ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է խուսափի դատական հետապնդումից, նույնիսկ եթե «կարողանա մասնակցել անցումային քաղաքական գործընթացին», հայտարարել է Նյու Յորքում Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Ասադը չի կարող Սիրիայում երկարաժամկետ քաղաքական լուծման մաս լինել, նա տեղ չունի երկրի ապագայում, այստեղ մեր դիրքորոշումն անփոփոխ է»:

«Միջազգային օրենքները խախտող մարդիկ պետք է գործ ունենան միջազգային դատարանի հետ»,-պնդել է Քեմերոնը` Ասադին անվանելով Սիրիայում ռազմական հակամարտության և Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի մեղավորներից մեկը: Միևնույն ժամանակ Քեմերոնը հայտարարել է, որ «պատրաստ է գործակցել Մոսկվայի հետ» սիրիական կարգավորման շուրջ և ԻՊ դեմ պայքարում: «Ռուսաստանը տառապում է իսլամիստական ծայրահեղականությունից նույնքան, որքան և մյուսները, մենք միասին պետք է արմատախիլ անենք ծայրահեղականությունն ու դրա պատճառները»,-ասել է նա:

Մինչդեռ ըստ Sunday Telegraph-ի, ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Բրիտանիայի վարչապետը մտադիր է հրաժարվել Ասադի անհապաղ հրաժարականից: «Քեմերոնը դեմ չէ, որ Ասադը նախագահի կարճաժամկետ հեռանկարում, քանի դեռ չի կազմավորվել ազգային միասնության կառավարությունը»,-ասել է աղբյուրը: «Մենք միշտ կողմ ենք եղել այն գաղափարին, որ երկիրը քաղաքական անցումային շրջանի կարիք ունի»,-ասել է նա:

Ըստ պարբերականի, Լոնդոնի դիրքորոշման փոփոխությունը կարելի է դիտարկել որպես ՌԴ նախագահի հաղթանակը, որը «հստակ նշեց», որ պատրաստ է սատարել Ասադին սպառազինությունների առաքումով Արևմուտքի կողմից ուղիղ ռազմական սպառնալիքի դեպքում: «Թույլ տալով Ասադին գոնե ժամանակավորապես մնալ իշխանության ղեկին` Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն կատարում են Կրեմլի գլխավոր պահանջը, ինչը ճանապահ է հարթում Ռուսաստանի և Արևմուտքի գործակցության համար ԻՊ դեմ պայքարում»,-ասել է պարբերականը, գրում է Vedomosti-ն:

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն ակտիվացնել օգնությունը Բաշար Ասադի կառավարությանը` հայտարարելով, որ Սիրիայում հիմա կա մի լեգիտիմ բանակ կա: Պուտինը ահաբեկչական կազմակերպություններ է անվանել Վաշինգտոնի աջակցությունից օգտվող սիրիական ընդդիմության ջոկատներին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: