Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և նոր մեդիաներին առնչվող թեմաներով հերթական «ԲարՔեմփ Գյումրի» ոչ ֆորմալ համաժողովը կանցկացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 10-11-ին։ Ինչպես տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները, արդեն մեկնարկել է մասնակիցների գրանցումը։
Հաշվի առնելով հանրության լայն շրջանում էլեկտրոնային գրագիտության ոչ բավարար մակարդակը, միջոցառման կազմակերպիչները նշում են, որ կնախընտրեին ներկայացումներ լսել ինտերնետային անվտանգության և մեդիագրագիտության թեմաներով: Սակայն մասնակիցները լիովին ազատ են այլ թեմաներ առաջարկել:
Գյումրիում առաջին ԲարՔեմփն անցկացվել է 2012թ․ նոյեմբերի 10-ին, որին մասնակցել է շուրջ 150 մարդ: 2013թ․սեպտեմբերի 28-29-ին անցկացվել է երկրորդը՝ շուրջ 300 մարդու մասնակցությամբ: Վերջինս իրականացվել է «Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» խորագրով՝ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Սովորաբար ԲարՔեմփ (BarCamp) են անվանում Տեղեկատվական տեխնոլոգիաների, Համացանցի և Նոր մեդիաների թեմաներով ոչ ֆորմալ համաժողովները, որոնք կազմակերպվում են հենց մասնակիցների կողմից: ԲարՔեմփը ազատ մտքի ու տեխնոլոգիաների յուրահատուկ խառնուրդ է, այն նպաստում է գիտելիքների զարգացմանն ու նոր գաղափարների, ծրագրերի ու կապերի ձևավորմանը, իսկ ոչ ֆորմալ մթնոլորտն էլ ապահովում է բաց քննարկումների ու մտքերի ազատ փոխանակմանը:
Այս կոնֆերանսներն իրենցից ներկայացնում են «մասնակցային» սեմինար-միջոցառումներ, որոնք բաց են բոլոր ցանկացողների համար: Փիլիսոփայությունը նրանում է, որ կարող են ընդհանրապես չլինել հատուկ հրավիրված բանախոսներ, հիմնականում մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք են զեկուցումներն անում ու քննարկում դրանք: Պրեզենտացիաները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում:
Մթնոլորտը հետաքրքիր է այնքանով, որ ԲարՔեմփի մասնակիցները միաժամանակ հետևում են պրեզենտացիային և լուսաբանում ու մեկնաբանում են միջոցառումը համացանցում: Եթե թեման հետաքրքրական չէ, նրանք ազատ կարող են լքել այդ լսարանն ու տեղափոխվել այլ սրահ՝ լսելու զուգահեռ ընթացող մեկ այլ ելույթ:
Բարքեմփերի պոտենցիալ թիրախ խումբ է հանդիսանում Հայաստանի ինտերնետ օգտագործողների շուրջ 1 մլն.-ոց համայնքը:
Բուն միջոցառմանը ակնկալվում է այդ համայնքի հիմնական ներկայացուցիչների մասնակցությունը. Նոր մեդիայում, Ինտերնետ, Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաներում ներգրավված գործարարներ, ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ, ներդրողներ, խորհրդատուներ, ծրագրավորողներ, դիզայներներ, դասախոսներ, ուսանողներ, բլոգերներ, լրագրողներ, ցանցի ակտիվ դեմքեր ու պարզապես հետաքրքրասեր մարդիկ: Բոլոր նրանք, ովքեր ստեղծում են համաշխարհային Սարդոստայնը:
«ԲարՔեմփ Երևանն» առաջին անգամ անցկացվել է 2009 թվականի ապրիլի 17-19-ին։ Նոր տիպի ոչ ֆորմալ համաժողովը գրավեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին և յուրաքանչյուր հաջորդ «ԲարՔեմփ Երևանին» ավելի ու ավելի շատ մարդ մասնակցեց: Եթե 2009-ին մասնակիցները 400-ն էին, ապա 2015-ին այս թիվը անցավ 2200-ից: Այս տարիներին ծրագրին իրենց աջակցությունն են բերել ՀՀ վարչապետն ու հայաստանյան բազմաթիվ հեղինակավոր և ճանաչված ընկերություններ ու կազմակերպություններ:
2010-ի օգոստոսի 10-12-ին Ստեփանակերտում և Շուշիում անցկացվեց նաև առաջին «ԲարՔեմփ Արցախը», որին ներկայացել էր շուրջ 100 մասնակից: 2011-ի սեպտեմբերի 2-5-ին Շուշիում տեղի ունեցավ երկրորդը (130 հոգու մասնակցությամբ): 2013-ի հուլիսի 24-28-ին՝ կրկին Շուշիում, երրորդը (շուրջ 70 հոգու մասնակցությամբ): Իսկ չորրորդը՝ 2014-ի հուլիսի 24-28-ին Ծմակահողում (շուրջ 70 հոգու մասնակցությամբ):






