Նոր ուսումնասիրությունը, որը սեպտեմբերի 29-ին հրապարակվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կողմից ցույց է տալիս, որ արտադրողականության, արտադրանքի որակի և սննդի անվտանգության չափանիշների զարգացումը՝ զուգորդված շուկայի և արտադրանքի դիվերսիֆիկացման ընդլայնման հետ, կարող է բարձրացնել հայկական ձկնամթերքի մրցունակությունը և հանգեցնել դրա ավելի լայն հասանելիությանն արտահանման շուկաներում, ինչպես նաև խթանել տնտեսական աճը:
ՀՀ ձկնարտադրության ոլորտում շարունակում են մնալ դեռևս չօգտագործված նշանակալի հնարավորություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա IFC- ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրը պատրաստել է ձկնարտադրության ոլորտին նվիրված ուսումնասիրություն, որտեղ մատնանշվում են ոլորտում առկա խնդիրները և ներկայացվում են մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկություններ:
«Ձկնամթերքի արտահանման շղթայի ուսումնասիրություն»-ը, որը պատրաստվել է IFC-ի կողմից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա, լավ գործիք կլինի ինչպես ձկնարտադրության ոլորտի քաղաքականության համար պատասխանատուների, այնպես էլ այդ ոլորտում գործող տնտեսվարողների համար: Այն կարող է օգնել երկրում զարգացնելու ձկնաարտադրությունը և խթանելու արտահանումը», – ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:
Զեկույցում նշվում է, որ արտահանման և ներմուծման ընթացակարգերի կատարելագործումը և բարելավումը կնպաստի ձկնարտադրության ապրանքների մրցունակության բարձրացմանը: Դրանում կարևորվում են արտահանման շուկաներ դուրս գալու հետ կապված խնդիրների հասցեագրումը, մասնավորապես, սննդամթերքի անվտանգության կատարելագործված գործելակերպերի ներդրումը, մատակարարման շղթայի բարելավումը և վարչական խոչընդոտների նվազեցումը:
«Այս ուսումնասիրությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ձկնարտադրության ճյուղի ներուժի արդյունավետ իրագործմանը՝ դրանով իսկ խթաններ ստեղծելով տնտեսական զարգացման համար: Մենք ակնկալում ենք շարունակական համագործակցության մեր գործընկերների հետ՝ բարձրացնելով մրցունակությունը և խթանելով երկրի գյուղատնտեսության արտադրանքի արտահանումը», – նշել է IFC –ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանը:
IFC–ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առևտրի և մրցունակություն դեպարտամենտի կողմից, և ֆինանսավորվում է Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարության և Հունգարական գործընկերության ֆինանսավորման շրջանակներում (Հունգարիայի EXIM Բանկի համագործակցությամբ):
Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թ.։ Այդ ընթացքում IFC–ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են $233 միլիոն ՝ ներառյալ $22.8 միլիոն մոբիլիզացված այլ վարկատուներից՝ ֆինանսավորելով 52 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Ւր առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով IFC–ին աջակցել է նաև $122 միլիոն ավել արժեքով առևտրային գործարքների։ IFC–ին իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը 2015-ի առաջին կիսամյակում կազմել է 14,3 մլրդ դրամ՝ 2014- ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելանալով 29,6%-ով: Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը 2014-ին կազմել է 28,6 մլրդ դրամ` 2013-ի համեմատ ավելանալով 24,6%-ով: 2014-ի արդյունքներով հանրապետությունում արտադրվել է մոտ 14 հազար տոննա ապրանքային ձուկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 30,0%-ով: 2013-ի օգոստոսին ձկնաբուծության և ձկնորսության ծավալը կազմել է 1 456,1 տոննա` 2012-ի օգոստոսի համեմատ ավելանալով 23,2%-ով:
2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 16 հազար տոննա ձուկ և ձկնամթերք: 2014-ի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 2 հազար տոննա ձուկ:






