AM
31 October 2006 - 10:26 AMT

«Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել Իրան-Հայաստան գազամուղը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է ձեռք բերել Իրան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «ԱրմՌոսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով, դեռեւս վաղ է խոսել կայացած գործարքի մասին: 2006 թվականի հունիսի վերջին «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարեց, որ ընկերությունը մտադիր է ձեռք բերել Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, այդ գազատարի շահագործումը թույլ կտա ապահովել Հայաստանի հուսալի գազամատակարարումը: «Խնդիրներ կան, կապված գազի առաքման հետ դեպի Հայաստան Վրաստանի տարածքով, քանի որ Վրաստանն իրեն թույլ է տալիս գազի չարտոնված օգտագործում»,-ասել է Ռյազանովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: