Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում պարետային ժամ է հայտարարվել։ Այստեղ Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ (ՔԱԿ) դեմ լայնածավալ արշավ է սկսվել, տեղեկացնում է Milliyet թերթի կայքը։ Հատուկ գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 2-ի առավոտյան։ Դրան մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները։ 4 կետում տեղի ունեցող գործողությանը երկնքից աջակցություն են ցուցաբերում 2 ուղղաթիռներ, բարձրահարկերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել, հայտնում է Tert.am-ը։
Հոկտեմբերի 1-ին այստեղ սպանվել էր երկու զինծառայող. նրանք տնից դուրս էին եկել՝ իրենց զորամիավորումներ մեկնելու համար: Հենց այդ միջադեպից հետո էլ քաղաքացիներին արգելվել է տներից դուրս գալ, իսկ արգելքի մասին հայտնել են քաղաքում շրջող ոստիկանական մեքենաներից ու մզկիթների բարձրախոսներից։
Թուրքիայի սահմանամերձ հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 1-ին ՔԱԿ զինյալները երկարափող զենքերով հարձակվել են Յյուքսեքովայում տեղակայված զորամասի վրա: Զինվորները պատասխան կրակ են բացել: Կրակոցների ու պայթյունների ձայները լսվել են հարակից տարածքներում և խուճապ առաջացրել բնակչության մեջ:
Ստամբուլի 28 շրջաններում հակաահաբեկչական գործողություն է ընթանում ոստիկանության ուղղաթիռների մասնակցությամբ: Ձերբակալվել է 44 մարդ` նրանց կասկածում են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին աջակցելու մեջ, հայտնել է Hurriyet-ը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:
Ձերբակալվածների թվում են քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության, արհմիությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ: Նրանց կասկածում են ՔԱԿ կարիքների համար հանգանակության և նրա գաղափարախոսության քարոզչության մեջ: Ըստ թերթի աղբյուրների իրավապահ մարմիններում, գործողությունը շարունակվում է, ոստիկանությունը ևս 22 մարդու ձերբակալության թույլտվություն ունի:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:
«Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:






