Կարսի նահանգի Քաղըզման շրջանում թուրքական զինուժը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին վնասազերծելու նպատակով ցամաքային օպերացիա է իրականացնում:
Թուրքական Dunyabulteni-ի տեղեկացմամբ` վերոնշյալ շրջան են ուղարկվել մեծ թվով զինվորական ստորաբաժանումներ: Վերջիններս տեղակայվել են շրջանի Մադուր Վադի և Չոմչե Դաղը և Դիբեքքայա վայրերում, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական ուժերը ուղղաթիռների միջոցով հատուկ տեխնիկա են տեղափոխում, որպեսզի դյուրացնեն զինյալների որոնողական աշխատանքները: Այժմ Քաղըզման շրջանի ելումուտը վերահսկվում է թուրք զինվորների կողմից:
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը տեղեկություններ է հրապարակել հոկտեմբերի 6-ի երեկոյան Վանի Էշմեփընարի ժանդարմերիայի պահակակետի վրա «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների հարձակման մասին: Ըստ ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տվյալների, PKK-ի գրոհայինների հետ բախման ժամանակ վիրավորվել է 14 զինվոր, իսկ 3 զինյալ սպանվել է:
Սեպտեմբերի 22-ին Վանում հարձակում է իրականացվել ռազմական ավտոշարասյան վրա. վիրավորվել էր 13 զինծառայող: Ենթադրվում է, որ հարձակումը նախաձեռնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ (ՔԱԿ) զինյալները: Զինվորական մեքենան պայթեցվել է ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով։
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին:
Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:






