AM
10 Հոկտեմբեր 2015 - 08:25 AMT

ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է հրթիռային վառելիքի բաղադրիչները

Հրթիռային վառելիքի բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են եվրոպական տիեզերական առաքելությունների իրականացման, ինչպես նաև եվրոպական երկրներում արբանյակների գործարկման համար, հանվել են հակառուսական պատժամիջոցների Եվրամիության ցանկից:

Մասնավորապես, խոսքը հիդրազինի և դրա ածանցյալների` անհամաչափ երկմեթիլհիդրազինի և մոնոմեթիլհիդրազինի մասին է, որոնք օգտագործվում են ռուսական «Պրոտոն» և ֆրանսիական «Արիան» հրթիռներում:

Ըստ փաստաթղթերի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկից հանվել է 70-տոկոս և ավելի խտության հիդրազինի առաքումների արգելքը: Ընդ որում Ռուսաստանից արտահանվող վառելիքի ընդհանուր ծավալը կհաշվարկվի կոնկրետ յուրաքանչյուր առանձին դեպքի համար և չի կարող գերազանցել 800 կգ:

Անհամաչափ երկմեթիլհիդրազինի և մոնոմեթիլհիդրազինի ձեռք բերման սահմանափակումը հանվում է այն դեպքում, եթե այդ բաղադրիչներն առաքվում են եվրոպական օպերատորներ ունեցող գործարկման համակարգի, եվրոպական տրեզերական ծրագրերի շրջանակում կամ եվրոպական արբանյակների լիցքավորման համար: Ինչպես և հիդրազինի դեպքում, Ռուսաստանից առաքվող բաղադրիչների ծավալը հաշվարկվում է կոնկրետ գործարկման համար անհրաժեշտ քանակից:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: