Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այդ մասին Պրահայում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի «Զերկալո» թերթը, նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը բռնությամբ Ադրբեջանի ԽՍՀ կազմում է ընդգրկվել անցյալ դարի 20-ական թվականների սկզբում, որից հետո պաշտոնական Բաքուն սկսել է հավակնել այդ տարածքներին: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնուրույն որոշի իր կարգավիճակը, նշել է նախարարը` ընդգծելով, որ անհնար է, որպեսզի որեւէ մեկը Լեռնային Ղարաբաղին թելադրի իր պայմանները: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն պարտավոր է հանդես գալ որպես ԼՂ բնակչության անվտանգության երաշխիք, ասել է Սերժ Սարգսյանը: