Վանաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:
«Մենք պետք է լուծենք նաև Վանաձորում Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաև «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Արդեն բարերարի հետ ես խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, և ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաև այդ ոլորտում», – ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ գիտատար, առաջավոր մտքի հետ կապված նախաձեռնությունների խնդիրը պետք է լավագույնս լուծել Վանաձորում նոր կենտրոնի կառուցմամբ:
Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին:
Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: 2015-ի սեպտեմբերի 2-ին Թումո կենտրոն է բացվել ԼՂՀ մայրաքաղաքում:
Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:
Խորհրդակցության ժամանակ Սարգսյանն անդրադարձել է «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության խնդրին: «Կցանկանայի, որպեսզի այստեղ միանգամից ձեզ համար պարզ լինի, որովհետև վստահ եմ, որ բոլորիդ անհանգստացնում է հարցը՝ կապված «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն էր ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի», – ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ այսօր արդեն մարզի տնտեսության առաջատարը Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ամբողջ տնտեսության վրա:
«Թեղուտն այսօր, հանգիստ կարելի է ասել, որ համակարգաստեղծ ձեռնարկություն է: Կոմբինատի շուրջ արդեն ձևավորվել են մանր ու միջին ձեռնարկություններ, և գնալով այդ ձեռնարկությունների թիվն ավելանալու է: Ուղղակի, կցանկանայի, որպեսզի մարզի ղեկավարությունը շատ սերտ աշխատեր կոմբինատի հետ՝ ոչ միայն տնտեսական խնդիրներով, այլ նաև սոցիալական ու բնապահպանական», – նշել է նախագահը:
Սարգսյանը տեղեկացրել է, որ մոտակա երկու շաբաթների ընթացքում հայտնի կլինի հիմնադրամ ստեղծելու մասին՝ Լոռու զարգացման հիմնադրամ, որի խնդիրն է լինելու հենց այդ հարաբերական առավելություն ունեցող ճյուղերի զարգացումը Լոռու մարզում:
«Ես կարծում եմ, որ թեթև արդյունաբերության ոլորտը ձեր մարզում նորմալ զարգանում է, և այստեղ պետք է ներարկել որոշակի միջոցներ, ներգրավել նոր մարդկանց: Մենք այս խնդիրը, կարծում եմ, կարողանալու ենք կարճ ժամանակում մարզում լուծել: Անշուշտ, կարևորում եմ նաև սոցիալական ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների զարգացումը: Նոր հիվանդանոցի և ծննդատան կառուցումը ևս չափազանց կարևոր խնդիր է: Կցանկանայի տեսնել, թե ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ ենք ավարտվելու, ե՞րբ ենք շահագործման հանձնելու», – ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ մեկ այլ խնդիր է զբոսաշրջության զարգացումը մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Լոռու մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները` ընդգծելով, որ հաշվետու ժամանակաշրջանում մարզում, իրոք, դրական տեղաշարժ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում՝ առաջին հերթին, հատկապես, արդյունաբերության ոլորտում, որովհետև մարզը հիմնականում արդյունաբերական է:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է՝ «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ բաժնետերերի հետ քննարկել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը աշխատավարձերի գծով ընկերության պարտքերի ամբողջական մարման ժամանակացույցը՝ միաժամանակ առաջարկություններ մշակելով առկա արտադրական հզորությունների հետագա օգտագործման կամ, անհրաժեշտության դեպքում, վերապրոֆիլավորման ճանապարհով ձեռնարկության հիմնական գործունեությունը վերսկսելու հնարավորության վերաբերյալ:
Լոռու մարզպետին և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ քննարկել մարզի ՓՄՁ-ներին արտոնյալ պայմաններով դրամական փոխառությունների տրամադրման հնարավորություններն ու այդ ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման և արտահանման խրախուսման հստակ առաջնահերթություններից ելնելով, ծրագրային առաջարկներ մշակել՝ այդ նպատակով առաջիկայում ստեղծվելիք Լոռու զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին անհրաժեշտ է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատությունների և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:
Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ մարզի առանձին տարածաշրջաններում կաթի և պտուղ-բանջարեղենի վերամշակման շղթայի կատարելագործման, սննդամթերքի անվտանգության ապահովման և մթերման ծավալների ավելացման նպատակով՝ Լոռու մարզպետի հետ համատեղ քննարկել գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում կաթի վերամշակման, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ու գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Միաժամանակ, էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել վերոնշյալ ծրագրերի առաջմղման նպատակով ֆինանսական օժանդակության կոնկրետ գործիքների կիրառման հնարավորությունը:
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլի հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծման նպատակով, քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վանաձոր և Սպիտակ քաղաքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքների խնդիրը ֆինանսական օժանդակության հատկացմամբ մինչև տարեվերջ լուծելու ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականները ներկայացնելով Կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:
Էկոնոմիկայի և մշակույթի նախարարներին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել և համապատասխան ծրագրային առաջարկություններ ներկայացնել Կառավարություն մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով մարզի պատմամշակութային արժեքների հիմնական երթուղիներն ու հարուստ բնաշխարհը:
Լոռու մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն տրամադրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և նրան հարակից կրթական-նորարական միջավայրի ստեղծման աշխատանքներին:






