AM
22 Հոկտեմբեր 2015 - 17:20 AMT

Ամերիկյան բանակն առաջին կորուստները կրեց ԻՊ դեմ գործողություններում

Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործողության ընթացքում զոհվել է ամերիկացի զինծառայող: Այդ մասին է հայտնում CNN հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական օղակներում ունեցած աղբյուրներին:

Զինծառայողը զոհվել է Խոյջա քաղաքում: Գործողությանը, ամերիկացի զինվորականներից բացի, մասնակցել են նաև քրդական ջոկատներ և իրաքյան բանակի ստորաբաժանումներ: Գործողության արդյունքում հաջողվել է ազատել 70 պատանդի:

Ավելի վաղ ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», – ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով:

Ամերիկացի զինծառայողներն Իրաքում մասնակցում են «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերին 2014 թվականից, նրանք գտնվում են երկրում, որպես կանոն, խորհրդատուների կարգավիճակով: Բացի այդ, ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան աջակցում է ԻՊ դեմ մղվող պայքարին ավիահարվածներով: