ԵՏՀ-ին կից Նավթի ու գազի գծով խորհրդատվական կոմիտեն քննարկել է ԵՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը:
Ինչպես հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Մոսկվայում: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ Թաիր Մանսուրովը հայտարարել է, որ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումն կապահովի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը, Միության վառելիքաէներգետիկ համակարգի հուսալիությունը, էներգառեսուրսների փոխադարձ առևտրի աճն ու էներգառեսուրսների արտադրության ծախսերի նվազումը, ինչպես նաև պայմաններ կստեղծի հավասարակշիռ սպառման համար:
Խորհրդատվական կոմիտեն հիմնականում հավանություն է տվել Գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին և Նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգին: Ըստ ԵՏՄ մասին պայմանագրի, փաստաթղթերը 2015-ի դեկտեմբերին պետք է ներկայացվեն եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին: Նոյեմբերին դրանք կներկայացվեն ԵՏՀ Կոլեգիայի քննարկմանը: Հայեցակարգերի նախագծերը մշակվել են Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի և Էներգետիկայի ու ֆինանսների ինստիտուտի կատարած գիտահետազոտական աշխատանքի արդյունքների հիման վրա:
Փաստաթղթերում սահմանված են Միության գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հիմնական թիրախները, խնդիրներն ու սկզբունքները, ինչպես նաև մեխանիզմների ապահովման կարգը:
Ըստ 2013-ի դեկտեմբերի 2-ի միջկառավարական համաձայնագրի, Հայաստանը նավթամթերքն ու գազը Ռուսաստանից գնում է առանց տուրքի` ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով: Արձանագրությունը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 26-ին: 2014-ին արտահանվել է 1,8 մլրդ խմ գազ, 222 հազար տոննա նավթամթերք: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ԵՏՄ երկրներին անցնել ռուբլու ռազմավարական ապրանքների առևտրում` մասնավորապես վառելիքի և հումքի բնագավառում: «Հարկավոր է միջոցներ ձեռնարկել ինտենսիֆիկացնելու համար ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներն ու կրճատելու համար դոլարացումը: Այս համատեքստում կարևոր է փոխադարձ առևտրում ռուբլու կիրառումն առանց դոլարի հետ շաղկապման»,-ասել էր վարչապետը: