Թուրքիայի Դիարբեքիր գավառի Քայափինար քաղաքում հատուկ գործողություն է իրականացվել ահաբեկչական գործողություն նախապատրաստող «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում:
Ըստ Reuters-ի, փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 թուրք ոստիկան, ևս 4-ը` վիրավորվել է: Սպանվել է նաև 4 գրոհային, որոնցից մեկը Ղազախստանի քաղաքացի է:
Ըստ թուրքական հատուկ ծառայությունների, երկրում մոտ 20 մահապարտ ահաբեկիչ կա, որոնք պայթյուններ են պատրաստում թուրքական քաղաքներում:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 97 մարդ է զոհվել, 246-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն:
Համարվում է, որ ահաբեկչությունը կապված է հուլիսի 20-ին տեղի ունեցած Սուրուչի պայթյունի հետ: Ենթարդվում է, որ Անկարայում պայթյունն իրականացնողներից մեկը Սուրուչում ահաբեկչության հեղինակի եղբայրն է: Քանի որ արդեն հայտնի է, որ Սուրուչի ահաբեկչության կազմակերպիչը «Իսլամական պետությունն» է, ենթադրվում է, որ ԻՊ-ն մեղսակից է նաև Անկարայի պայթյուններին:
Մի շաքր քուրդ գործիչներ երկրի ղեկավարությանն են մեղադրում` ուղղակի կամ անուղղակի պատասխանատու համարելով վարչակազմին ահաբեկչության համար: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունները վերագրել է իշխանություններին:
Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով:






