Իրանի կառավարությունը մտադիր է որքան հնարավոր է արագ կատարել իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակում, սակայն շատ բան կախված է նաև մյուս կողմից: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Մեր կառավարությունը կցանկանար որքան հնարավոր է արագ կատարեր իր պարտավորությունները, սակայն մենք պետք է վստահ լինենք, որ մյուս կողմը ևս կատարում է հանձնառությունները: Ուստի հարկավոր է վստահ և արագ քայլեր ձեռնարկել` համոզված լինելով, որ դա կախված է նաև մյուս կողմից»,-ասել է նա ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:
«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:
ԱՄՆ նախագահին հաջողվել է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հոկտեմբերի 18-ին Օբաման փաստաթուղթ է ստորագրել, որը նշանավորում է պատժամիջոցների չեղարկումը: Հոկտեմբերի 21-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեին նույնպես հավանություն է տվել համաձայնությանը: Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ակնկալիքների, գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:
Եվրամիությունը նաև օրենք է ընդունել, որը թույլ է տալիս նրա անդամներին սկսել քննել պատժամիջոցների չեղարկման հարցը: Սակայն Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերն առաջարկեց ուժի մեջ թողնել պատժամիջոցները, քանի դեռ Իրանը չի կատարել գործարքի իր մասը: «Դա որոշակիորեն չի լինի մինչև հունվարի ավարտը: Հարցն այն է, թե ցույց կտա արդյոք Իրանը, որ կարող է կատարել իր պարտավորությունները»,-ասել է Շտայնմայերը:






