Բրիտանիան արգելել է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց: Բրիտանիայի իշխանությունները գտնում են, որ «լուրջ հավանականություն կա», որ ռուսական A321-ի վթարի պատճառը պայթուցիկ սարքն է եղել:
Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Կառավարությունը նաև արգելել է բոլոր չվերթների իրականցումը դեպի Բրիտանիա Շարմ էլ Շեյխի օդանավակայանից մինչ անվտանգության լրացուցիչ միջոցների կիրառումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ոչ մի չվերթ չի վերադառնա Բրիտանիա Շարմ էլ Շեյխից, անվտանգության միջոցների ապահովումը ժամանակ է պահանջում, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Մինչդեռ Բրիտանիայի այս որոշումը զարմանք է առաջացրել Եգիպտոսում, մասնավորապես, նման հայտարարություն է արել այդ երկրի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրին: Ըստ Շուքրիի, Լոնդոնի այս որոշումը շտապողական է, քանի որ կայացվել է մինչ քննության արդյունքների հրապարակումը, որն «անցնում է թափանցիկ և միջազգային փորձագետների մասնակցությամբ»: «Եգիպտոսի կառավարությունը կհրապարակի արդյունքները, հենց որ դրանք հայտնի դառնան, ուստի հարկավոր չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել»,-ասել է Եգիպտոսի նախարարը:
Ավելի վաղ ջերմային բռնկման մասին տեղեկություններ հայտնվեցին ամերիկյան ԶԼՄ-ներում:
ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին: Այդ մասին հայտնել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը սեփական թղթակցի վրա հղումով:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է, որ այժմ այդ հարցով պետք է զբաղվեն արդեն հետախուզական ծառայությունները:
Մինչդեռ «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը չէր կարող մասերի բաժանվել օդում. ըստ ընկերության, դա արտաքին ազդեցության հետևանք է:
Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ:






