AM
5 Նոյեմբեր 2015 - 08:25 AMT

Անկարան կշարունակի գործողությունները քուրդ զինյալների դեմ

Ինտենսիվ գործողությունները Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ կշարունակվեն, չնայած մոտալուտ ձմռանը, ասվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված անվտանգության հարցերով խորհրդակցության արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Նախօրեին քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը կոչ էր արել կառավարական զորքերին և ՔԱԿ գրոհայիններին դադարեցնել կրակը:

«Քննարկվում է իրավիճակն ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու ժողովրդավարության ապահովման գործում: Տեղեկատվություն է ներկայացվել Օրամար, Իքիյակա և Դաղլջի շրջաններում հաջող գործողությունների և դրանք ՔԱԿ զինյալներից «մաքրելու» մասին: Հաղորդվում է նաև Իրաքի սահմանին գործողությունների մասին: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարգադրել է շարունակել ինտենսիվ գործողություններն անջատողական կազմակերպության դեմ անկախ մոտալուտ ձմեռվանից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նոյեմբերի 1-ի արդյունքների վերաբերյալ` նշելով, որ ընտրություններն անցել են հանգիստ իրավիճակում: Նա շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին և մյուս պետական կառույցներին, որոնք նպաստել են դրան:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում, ԻՊ դեմ գործողությունները սահմանամերձ շրջաններում և համատեղ գործողությունները կոալիցիայի ուժերի հետ, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: