Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կրկին անդրադարձել է գազի գնման ծավալների ավելացման անհրաժեշտությանը: Նա հայտարարել է, որ ապագայում Վրաստանը կարող է գազ գնել Իրանից: «Հայտնի են մեր նախկին հարաբերություններն Իրանի հետ: Այսօր իրավիճակն Իրանի հետ միանգամայն այլ է և մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Առաջիկայում Վրաստանը կկարողանա գազ գնել Իրանից միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Մենք այլ ելք չունենք: Սա երկարաժամկետ նախագիծ է և մենք կքննարկենք այն», ասել է Կալաձեն, հայտնում է apsny.ge-ն:
Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի և Հայաստանի էներգետիկայի նախարարներ Կախա Կալաձեն և Երվանդ Զաքարյանը Թբիլիսում քննարկել են էլեկտրաէներգիայի տարանցման և Իրանի հետ գազի առաքման հարցում գործակցության հնարավորությունը: Զաքարյանը հայտարարել է լրագրողներին, որ, մասնավորապես, խոսքը էլեկտրահաղորդիչ գծի կառուցման մասին է, որը կկապի Վրաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Հայաստնն ու Իրանը: Կալաձեն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է դեպի Իրան էլեկտրաէներգիայի տարանցման հարցում:
Ադրբեջանի նախագահի Վրաստան այցին ընդառաջ Կալաձեն ասել է. «Ադրբեջանի նախագահի Վրաստան պաշտոնական այցի ժամանակ «Գազպրոմի» վերաբերյալ քննարկումներ չեն լինելու»,:
Նոյեմբերի 5-ին սկսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Նա հանդիպում կունենա երկրի նախագահի, ինչպես նաև վարչապետ և խորհրդարանի խոսնակի հետ:
«Վրաստանը նախկինում էլ է հարաբերություններ ունեցել «Գազպրոմի» հետ, որից մենք գազ ենք գնել կոմերցիոն օբյեկտների համար: Գնում ենք նաև հիմա, հավանաբար, կանենք դա նաև ապագայում»,-ասել է Կալաձեն:
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից:
2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար` Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարով: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում`նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ:






