AM
5 Նոյեմբեր 2015 - 10:12 AMT

Պեսկով. Իրաքում ԻՊ դիրքերին ավիահարվածներ հասցնելու հիմքեր չկան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Իրաքում ԻՊ գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելու հավանականության մասին հարցին, հայտարարել է, որ Բաղդադը այդ հարցով չի դիմել Մոսկվային, ուստի նման որոշման համար հիմքերը բացակայում են:

«Ես դեռևս այդ մասին տեղեկություն չունեմ, Իրաքի մեր գործընկերներից ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմում այդ մասին չի եղել: Մենք հիմքեր չունենք ԻՊ գրոհայինների դիրքերին Իրաքում հարվածելու համար»,-ասել է Պեսկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Իրաքը դեռ չի դիմել ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչպես Սիրիայի դեպքում էր: Եթե ստացվի նման բովանդակության պաշտոնական գրավոր դիմում, ապա այն կքննարկվի ըստ ընդունված կարգի:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ՌԴ-ն, Սիրիան, Իրանն ու Իրաքը համատեղ տեղեկատվական կենտրոն են ստեղծել ԻՊ դեմ պայքարը համակարգելու նպատակով: Կենտրոնը ԻՊ ուժերի տեղակայման և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է հավաքում, մշակում և վերլուծում: Արևմտյան կոալիցիայի երկրները չեն մասնակցում կենտրոնի աշխատանքին:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Իրաքի խորհրդարանը մինչև հոկտեմբերի ավարտը նախատեսում է քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Սակայն հոկտեմբերի 27-ին: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին իր հերթին հայտարարել էր, որ կողջուներ ռուսական օդային գործողությունն Իրաքում:

Դրան հաջորդեց ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդի հայտարարությունը, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը:

Հոկտեմբերի 27-ին ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Բաղդադում բանակցությունների ավարտին հայտարարեց, որ Իրաքը Ռուսաստանին դաշնակից չի համարում «Իսլամական պետության» դեմ պայքարում: