AM
5 Նոյեմբեր 2015 - 10:44 AMT

Մահվան սպառնալիքներ ադրբեջանցի լրագրողին՝ «Ակօս»-ի համար գրելու պատճառով

Ադրբեջանցի լրագրող և բլոգեր Արզու Գեյբուլաևան, ով գործակցել է Foreign Policy և Al Jazeera պարբերականների հետ, մահվան սպառնալիքներ է ստացել իր համերկրացիներից` Թուրքիայում գործող «Ակօս» հայկական շաբաթաթերթի համար հոդվածներ գրելու պատճառով:

Լրագրողի դեմ ուղղված արշավը սկսվել է փոքրիկ թռուցիկների տարածումից, ինչի հետևում կանգնած է եղել Ադրբեջանի պետական մեդիադաշտը։

Իր երկրում մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին պարբերաբար գրող բլոգերը համացանցով մահվան սպառնալիքներ ստանալուց հետո հստակ գիտակցել է, որ իր համար այլևս ապահով չէ Ադրբեջանում մնալն ու տեղափոխվել է Ստամբուլ, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

Չնայած ադրբեջանական իշխանությունները ճնշում են գործադրում Գեյբուլաևայի` հայրենիքում մնացած ընտանիքի ադամների վրա, այնուհանդերձ լրագրողը, անտեսելով բոլոր ռիսկերը, շարունակում է արծարծել Ադրբեջանում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության թեմաները:

«Մահվան վերաբերյալ առաջին սպառնալիքը ստացել եմ 2014-ի հոկտեմբերին։ Հաղորդագրությունում նշվում է, թե ինձ` «դավաճանիս», քանի օր է մնացել ապրելու և որտեղ են ինձ թաղելու։ Դրան հաջորդեցին նմանատիպ բովանդակությամբ անթիվ-անհամար նամակներ, որոնք ես այլևս ի վիճակի չէի կարդալ։ Հետո սպառնալիքներն ու ստոր վիրավորանքները տարածվեցին նաև հորս, մորս, եղբորս վրա, ու ես վճռեցի հեռանալ Ադրբեջանից»,- նշել է Գեյբուլաևան։

Լրագրողի խոսքով՝ Ստամբուլում հաստատվելուց հետո ինքը ստացել է որոշակի ազատություն ու կարողանում է անդրադառնալ հայրենիքի սուր խնդիրներին։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: