Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ դադարեցնում է միակողմանի հրադադարը Թուրքիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը ՏԱՍՍ փոխանցմամբ:
«Միակողմանի հրադադարը կասեցվում է Թուրքիայի իշխող կուսակցության ռազմական քաղաքականության և վերջին հարձակումների պատճառով»,-մեջբերել է գործակալությունը ՔԱԿ հայտարարությունը:
Նոյեմբերի 4-ին թուրք զինծառայողներն Իրաքի սահմանից ոչ հեռու ՔԱԿ 15 գրոհային են սպանել, զոհվել է նաև 2 զինծառայող: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները:
ՔԱԿ հայտարարությանը նախորդեց Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված անվտանգության հարցերով խորհրդակցության արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ Անկարան կշարունակի ինտենսիվ գործողությունները Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ: «Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարգադրել է շարունակել ինտենսիվ գործողություններն անջատողական կազմակերպության դեմ անկախ մոտալուտ ձմեռվանից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին:






