Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo հանդեսն անդրադարձել է 244 մարդու կյանք խլած ռուսական ինքնաթիռի աղետին Սինայի թերակղզում: Ծաղրանկարները հրապարակվել են վերջին համարի «Ամսագրի շապիկներ, որոնցից դուք խուսափել եք» վերտառությամբ բաժնում: Այդ բաժնում սովորաբար ներկայացվում են հանդեսի աշխատակիցների նկարների այն տարբերակները, որոնք առաջարկվել են թողարկման շապիկի ձևավորման համար, սակայն մերժվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջին նկարի կենտրոնում սև-սպիտակ կոմպոզիցիա է պատկերված. բեդվինի հագուստով մորուքավոր տղամարդ է ինքնաձիգը ուսին: Նա դեմքի վախեցած արտահայտությամբ կռացել է, ձեռքերով բռնելով գլուխը: Վերևից նրա վրա են թափվում ինքնաթիռի բեկորները: Ընկնող օբյեկտների թվում է նաև ուղևորներից մեկի ֆիգուրը: Գրությունը հետևյալն է. «Իսլամական պետություն». Ռուսաստանը սաստկացնում է ռմբակոծությունները»:
Երկրորդ ծաղրանկարը գունավոր է և վերնագրված է «Ռուսական լոու-քոսթերի վտանգները»: Դեղին ֆոնին մարդու մեծ սպիտակ գանգ է պատկերված կենդանի աչքերով: Սև արևային ակնոցները, որ նա կրում է, կոտրված են, և ի ցույց են դնում աջ աչքը: Հետին պլանում մասնատված մարմիններ են, արյան լճակներ և այս ամենի ֆոնը այրվող ինքնաթիռի հենքն է: «Պետք էր Air Cocane ընկերության չվերթով թռչել» ասվում է գրության մեջ:
Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավորվել: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հաճախ, ծաղրանկարների հերոս են դառնում նաև կաթոլիկ եկեղեցու կարդինալները, նաև Հռոմի պապը, տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում Ֆրանսուա Օլանդը, նույնիսկ Հիսուս Քրիստոսը: Սակայն ամենաաղմկահարույցը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն էին, որոնք էլ առիթ հանդիսացան հարձակման համար: Հունվարի 11-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում մոտ 3,7 մլն մարդ մասնակցեց Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:






