Ռուսական A321 ինքնաթիռի կործանումից գրեթե 2 ամիս առաջ Սինայի թերակղզում` Շարմ էլ Շեյխում վայրէջքի ժամանակ 189 ուղևոր տեղափոխող բրիտանական ինքնաթիռը կարող էր կործանվել հրթիռով խոցելու հետևանքով, հայտնում է The Daily Mail-ը սեփական աղբյուրների վրա հղումով:
Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Միջադեպից հետո Բրիտանիան հայտարարեց, որ արգելում է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց:
Ըստ պարբերականի, այս միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Thomson ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Լոնդոնից: Վայրէջքի ժամանակ անձնակազմը տեսել է ինքնաթիռին ընդռաջ թռչող հրթիռը: Օդաչուն հասցրել է դեպի ձախ ուղղորդել ինքնաթիռը, ինչի շնորհիվ հրթիռն անցել է ինքնաթիռից 300 մ հեռավորության վրա: «Անձնակազմին ասել են, թե հրթիռն արձակվել է զորավարժությունների ժամանակ»,-ասել է աղբյորը: Ըստ նրա, անձնակազմը սարսափած էր կատարվածից: Այնուամենյանիվ, ուղևորներին կատարվածի մասին չեն հայտնել, գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձարարել է կառավարությանը Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մեխանիզմներ մշակել` մինչ A321 ինքնաթիռի կործանման պատճառները պարզելը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թռիչքների դադարեցման մասին որոշումը կայացնում է Ռոսավիացիան: Կա 2 տարբերակ. ամբողջական արգելք սահմանել կամ ժամանակավորապես դադարեցնել թռիչքները: Երկրորդ տարբերակը հնարավոր է միայն, եթե ԱԳՆ-ն երկիրը վտանգավոր է համարում, ավելի վաղ նման պարզաբանում էր արել Տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
Շաբաթական ՌԴ-ից Շարմ էլ Շեյխ է մեկնում 51 չվերթ, օրական` 6-10-ը: թռիչքներն իրականացվում են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից, Սամարայից և Նիժնի Նովգորոդից: 2015-ի առաջին կիսամյակում Կարմիր ծովի ափին հանգստացել է 1,8 մլն ռուսաստանցի, 2014-ին` 3,1 մլն:
Նոյեմբերի 5-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին բանակցել այն երկրների ավիացիոն իշխանությունների հետ, ուր թռիչքներ են կատարում ռուսական ինքնաթիռները, հնարավորինս արագ անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Դեպի Եգիպտոս թռիչքները դադարեցնելու մասին հայտարարել է նաև լատվիական airBaltic-ը` ղեկավարվելով անվտանգության նկատառումներով:
Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ:






