Եգիպտոսի շուկան կզրկվի զբոսաշրջիկների հոսքի 70 տոկոսից այդ երկրի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին Ռուսաստանի և Բրիտանիայի որոշման պատճառով: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությանը կից խորհրդատվական մարմնի անդամ Մուհամմեդ Յուսուֆը:
Նա հայտարարել է, որ դա մեծ հարված կլինի երկրի զբոսաշրջության ոլորտին, քանի որ Ռուսաստանն առաջին տեղում է Եգիպտոս այցելողների թվում: Նախորդ տարի ՌԴ-ից Եգիպտոս է մեկնել մոտ 3 մլն զբոսաշրջիկ, իսկ Բրիտանիյից` մոտ 1 մլն: Երկիրը կզրկվի նաև բյուջեի մուտքերի 14 տոկոսից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձարարել է կառավարությանը Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մեխանիզմներ մշակել` մինչ A321 ինքնաթիռի կործանման պատճառները պարզելը:
Ռուսաստանից բացի թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ դադարեցրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիան, Լիտվան և Լատվիան:
Մինչ 2011-ի հունվարի իրադարձությունները տարեկան Եգիպտոս էր այցելում մոտ 15 մլն զբոսաշրջիկ, հետո այդ թիվը կտրուկ անկում ապրեց: Վերջին տարիներին զբոսաշրջիկների թվաքանակի նվազմանն են նպասոտմ անկայուն քաղաքական իրավիիճակը, անվտանգության անբավարար ապահովումը, ԻՊ և «Ալ Քայիդայի» հետ կապված ահաբեկիչների ակտիվացումը Սինայի թերակղում:
Այս իրավիճակից տուժում են նաև Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունները, նրանց սնանկացում է սպառնում, եթե նրանք ստիպված լինեն վերադարձնել գումարներն այն զբոսաշրջիկներին, որոնք չեն մեկնի Եգիպտոս: Այդ մասին զգուշացրել է Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: Այսօրվա դրությամբ ռուսաստանցիները դեպի Եգիպտոս մոտ 100 հազար ճամփորդական փաթեթ ունեն գնած: Ոմանց առաջարկվում է Եգիպտոսի փոխարեն Անթալիա մեկնել, հայտնում է Interfax.ru-ն:
Շաբաթական ՌԴ-ից Շարմ էլ Շեյխ է մեկնում 51 չվերթ, օրական` 6-10-ը: թռիչքներն իրականացվում են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից, Սամարայից և Նիժնի Նովգորոդից: 2015-ի առաջին կիսամյակում Կարմիր ծովի ափին հանգստացել է 1,8 մլն ռուսաստանցի, 2014-ին` 3,1 մլն:






