AM
7 Նոյեմբեր 2015 - 09:50 AMT

Շրջակա միջավայրի պահպանության Օրհուսի կոնվենցիայի կոմիտեն սպառնում է կասեցնել ՀՀ անդամակցությունը

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն սպառնում է կասեցնել Հայաստանի անդամակցությունը՝ եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի շրջակա միջավայրի պահպանության առումով իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Օրհուսի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է դեռ 1998-ին, պարտավորեցնում է մատչելի տեղեկատվություն տալ ու ապահովել հանրության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։

Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի համակարգող Աիդա Իսկոյանը, սակայն, ասում է, որ դա կոնվենցիայի կոմիտեից պարզապես Հայաստանին ուղղված զգոնության կոչ է։ Հայաստանն առնվազն 1,5 տարի ժամանակ ունի առկա թերությունները շտկելու համար:

«Ես ոչ մի մտավախություն չունեմ, որ ինչ-որ սանկցիաներ կկիրառվեն Հայաստանի հանդեպ», – ասել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, մինչդեռ, ով Դալմայի այլևս գոյություն չունեցող 1800 այգիների սեփականատերերից է, հիշեցնում է իրենց տարիների պայքարն ու ասում՝ Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության հարցում մշտապես խախտվել են Օրհուսի կոնվենցիան ու Հայաստանի օրենսդրությունը:

Դեռ 10 տարի առաջ Դալմայի այգիների տարածքում գերակա շահի անվան տակ կառուցապատման ծրագրից տուժած սեփականատերերը առաջինն էին, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե բողոք են ուղարկել։ Ավելի ուշ Հայաստանի հասարակական կազմակերպություններից Օրհուսի կոմիտեն երկրորդ բողոքն է ստացել Թեղուտում շահագործվող հանքավայրի հարցով։ Հասարակական գործիչները համոզված էին, որ մեծ խախտումներ են թույլ տրվել այստեղ, սակայն հնարավորություն չունեցան հանքավայրի շահագործման որոշումը բողոքարկելու դատարանում։

Օրհուսի կոնվենցիայի համակարգող Իսկոյանը հակադարձում է հասարակական կազմակերպություններին՝ Հայաստանը թեև թերի, բայց կատարում է իր միջազգային պարտավորությունները:

«Հայաստանը ձգտում է կատարել, բայց ունի որոշ պրոբլեմներ, դժվարություններ, որոնք պայմանավորված են տնտեսական հարցերով, սոցիալական հարցերով, հասարակության իրազեկման հարցերով: Բայց մենք շատ արագ քայլերով գնում ենք առաջ», – ասել է նա:

Ըստ Օրհուսի կոնվենցիայի՝ ներկա և ապագա սերունդների յուրաքանչյուր անդամի առողջությանը ևբարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքիպաշտպանությանն oժանդակելու համար Կոնվենցիայի դրույթներինհամապատասխան՝ պետք է երաշխավորել շրջակա միջավայրին առնչվողհարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացինհասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունքը։

Կոնվենցիայի դրույթներից է. Յուրաքանչյոր անդամ ընդունում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցներ, ներառյալ միջոցներ` ուղղված սույն կոնվենցիայի տեղեկատվության մատչելիության, հասարակայնության մասնակցության, արդարադատության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը, ինչպես նաև պատշաճ միջոցներ ուղղված այդ դրույթների կիրառման ապահովմանը` Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի նպատակով` հստակ, թափանցիկ և համաձայնեցված դաշտ ձևավորելու համար։ Յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի ապահովել, որպեսզի պաշտոնատար անձինք և պետական մարմինները շրջակա միջավայրին առնչվող հարցերով ցուցաբերեն աջակցություն հասարակայնությանը և ուղղորդեն նրան տեղեկատվության մատչելիության հարցում, աջակցեն նրան որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության իրականացմանը մասնակցելու գործում։