ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 8-ի արտահերթ նիստում քննարկվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել այն ընտանիքներին, ովքեր հյուրանոցային բիզնես են ծավալում իրենց ընտանիքի անդամների միջոցով:
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հիշեցրել է, որ 2014-ին Հայաստանում ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում է, որ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի կողմից իրականացվող գործունեությունը առանց այլ վարձու աշխատողի համարվում է ընտանեկան ձեռնարկատիրություն և այդ սուբյեկտները ազատվում են բոլոր տեսակի պետական հարկերից:
Օրենքի լրացումով առաջարկվում է այդ կարգավիճակի մեջ ներառել նաև զբոսաշրջիկներին փոքր հյուրանոցային ծառայություններ մատուցող ընտանիքներին:
«Այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրապետության տարբեր մարզերում գործող զբոսաշրջային տները փոքր հյուրանոցային ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, հնարավորություն ունենան զբաղվել ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Այսինքն, մենք առաջարկում ենք նման գործունեությունը համարել ընտանեկան ձեռնարկատիրություն, քանի որ այս տիպի գործունեությունը ընտանեկան ձեռնարկատիրությանը բնորոշ է: Այսպիսով, առաջարկվում է նրանց ևս ազատել պետական հարկերից»,- ասել է Միրումյանը, մեջբերում է Panorama.am-ը:
Պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին` նա նշել է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվողները պետական հարկեր են վճարում, իսկ նախագծով առաջարկվում է նրանց ազատել հարկերից, եթե այդ ծառայություններն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամները:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե ունե՞ն արդյոք վիճակագրական տվյալներ՝ Հայաստանում զբոսաշրջային ծառայություններ մատուցող քանի սուբյեկտներ կան: Փոխնախարարը պատասխանել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող զբոսաշրջային տներ այսօր գործում են հանրապետության տարբեր մարզերում՝ Վանաձորում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Իջևանում:
Ինչ վերաբերում է աշխատողների թվաքանակին, ապա փոխնախարարը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամների միջոցով:
«Քանակական սահմանափակումներ չկան: Կլինեն ընտանիքի 3 անդամ, թե 7, որևէ նշանակություն չունի: Եթե դա ընտանեկան ձեռնարկատիրություն է, ապա քանակական սահմանափակումները չեն աշխատում»,- ընդգծել է Միրումյանը:
Անդրադառնալով վերահսկողությանը, փոխնախարարն ասել է, որ վերահսկողական մեխանիզմներ թեև կան, սակայն հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից պետության համար այս ընտանեկան ձեռնարկատիրությունը հետաքրքրություն չի ներկայացնում, ուստի հարկային վարչարարությունը նախատեսում են սահմանափակել:
Նա նաև նշել է, որ սահմանափակումներ չկան նաև տարածքի առումով: Ըստ նրա՝ եթե նման հյուրանոցային տներ կլինեն նաև Երևանում, ապա դրանք ևս հնարավորություն կունենան օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ:






