ՀՀ բոլոր բանկերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև տարեվերջ հետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը: Այս մասին հայտարարվել է ԱԺ-ի նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է «Կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել ԿԲ նախագահ ԱրթուրՋավադյանին. հարցը վերաբերում էր Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչների խնդրին, ովքեր ՎՏԲ բանկից վարկեր են վերցրել և չեն կարողանում վճարել:
«Ես չեմ ուզում խաղող մթերող ընկերության անունը տալ, բայց այդ ընկերությունը ժամանակին չի կարողանում վճարել մթերման գումարը, ինչը կոնֆլիկտ է առաջացրել»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե խնդիրը չլուծվի, ապա Կենտրոնական բանկը որևէ լծակ ունի՞ ազդելու, որպեսզի Աղավնաձոր գյուղի բնակիչները կարողանան երկարացնել իրենց վարկային պարտավորությունները մարելու ժամկետը:
Ջավադյանն ասել է, որ հարցով ՀՀ կառավարության հետ համատեղ զբաղվում են: Ըստ նրա՝ բոլոր բանկերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև տարեվերջ հետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը:
«Պայմանավորվել ենք նաև մթերող կազմակերպությունների հետ, որ մինչև տարեվերջ վճարեն գյուղացիներին: Ինչ վերաբերում է այս հարցին, ես կառավարությունից տեղեկացա Աղավնաձորի խնդրի մասին և այդ հարցով խոսեցի ՎՏԲ-ի ղեկավարների հետ, այնտեղ բոլորի խնդիրը լուծվել է, մնացել է միայն մեկ խնդրահարույց վարկ, որը կիսով գյուղացիական է, կիսով՝ ոսկու գրավով վարկ, սակայն գումարը մեծ չէ, բանկի հետ աշխատելում ենք, հարցով զբաղվում ենք», – ասել է ԿՀ նախագահը:
Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։ Նմանատիպ խնդիր կար նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը:
Արարատի մարզում որոշ գյուղերի բնակիչներ սեպտեմբերի 28-ին դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին: Նրանք փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում:
Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել էր Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում խաղողի մթերման հարցում: «Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել», – ասել է Կառավարության ղեկավարը: Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:
Նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: Կարապետյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Նախարարը նշել է, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Կարապետյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, 2014-ից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է, սական նախարարը համոզված է՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մթերումները նորմալ են անցկացնելու:
Կարդացեք նաև՝ Խաղողի արտահանումը 30-50%-ով նվազել է՝ չնայած ռեկորդային բերքին






