AM
12 Նոյեմբեր 2015 - 07:49 AMT

ԶԼՄ-ներ. Կործանված А321-ի բեկորները տեղափոխում են Կահիրե

Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321 օդանավի բեկորները սկսել են աղետի վայրից տեղափոխել Կահիրե, հայտնել է The Wall Street Journal-ը Եգիպտոսի ավիացիոն իշխանությունների վրա հղումով: Միևնույն ժամանակ ասվում է, որ վթարված ինքնաթիռի բեկորների մեծ մասը նախկինի պես ցրված է բավականին մեծ տարածքում, թեև հենց նրանց մեջ կարող է թաքնված լինել կործանման պատճառի մասին պատասխանը:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նոյեմբերի 11-ին Եգիպտոսի ավիացիոն գերատեսչության աշխատակիցը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները սկսել են Կահիրե տեղափոխել որոշ բեկորներ վթարի վայրից, որի տարածքը հասնում է մոտ 13 կմ, ասվում է հոդվածում, հայտնում է newsru.com-ը:

Միևնույն ժամանակ աղբյուրը հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: Մասնավորապես, հայտնի չէ, թե հատկապես որտեղ են պահվելու բեկորները և որոնք են արդեն տեղափոխվել մայրաքաղաք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եգիպտոսում վթարի ենթարկված «Կոգալիմավիայի» A321 ինքնաթիռը տեխնիկական անսարքություն չուներ և չէր կարող աղետի պատճառ դառնալ,: Այդ մասին հայտարարել է Airbus-ի ԶԼՄ-ների հետ կապերի գծով փոխնախագահ Ստեֆան Շաֆրաթը: Նա հավելել է, որ Airbus-ը դեռ տեղեկություններ չունի, թե որտեղ է հավաքվելու կործանված ինքնաթիռի կոնստրուկցիան: Ըստ ընկերության ներկայացուցչի, այդ մասին որոշումն ընդունելու են ՌԴ և Եգիպտոսի իշխանությունները:

Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին: